Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ. Միգրացիոն հոսքերի կառավարման կարողությունների զարգացում

Նախագիծ. Միգրացիոն հոսքերի կառավարման կարողությունների զարգացում

416
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:

Ըստ նախարարության, Հայաստանում միգրացիոն հոսքեր հնարավոր են Արցախի Հանրապետության կամ երրորդ երկրի տարածքում տարերային աղետի եւ տեխնածին վթարների, ռազմական գործողությունների կամ այլ գործողություններով պայմանավորված իրավիճակների հետեւանքով, իսկ Հայաստանի սահմանը հատող բոլոր անձինք ենթակա են մուտքի հսկողության` քանի որ պետությունն իր սահմանների ներսում անվտանգության ապահովման պարտավորություն ունի։

Նախագծի ընդունման դեպքում խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման կարողությունները կզարգանան, միգրացիոն հոսքերի կառավարումն առավել արդյունավետ կլինի եւ մեր երկիրը պատրաստ կլինի դիմակայել ռիսկերին:

Միգրացիոն հոսքերի դեպքում հնարավոր ռիսկերն են. դեպի Հայաստան  ուղղվող անօրինական միգրացիոն հոսքերը, միգրանտների ինտեգրման եւ ասիմիլյացիայի (ձուլման) հարցը, սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-մշակութային լարվածությունը, հասարակության ներքին հակասությունների արտահայտումը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:

Առաջարկվող պլանով uահմանվում են Հայաստանի հանրապետության պետական սահմանը հատելու, Հայաստանի հանրապետության տարածքում միգրացիոն հոսքի դեպքում հետագա միջոցառումներն իրականացնելու համար պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների լիազորություններն ու դրանց իրականացման կարգը: Աշխատանքների համակարգողը արտակարգ իրավիճակների նախարարությունն է, բայց պարտականություններ ունեն պետական այլ կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ:

Օրինակ առողջապահության նախարարության պարտականություններից մեկը ճամբարային ավանի ծավալման տարածքի ընտրության վերաբերյալ՝ սանիտարահամաճարակաբանական եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության վերաբերյալ կարծիք-առաջարկ ներկայացնելն է, իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր է միգրանտներին ժամանակավոր կացարաններ եւ ճամբարային ավաններ տեղափոխելու համար տրանսպորտ ապահովել, փոստային կապի հարցը լուծել եւ այլն:

Միջազգային կառույցները կարող են ներգրավվել այս աշխատանքներում, եթե նման ցանկություն հայտնեն:

«Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագծով առաջարկվում է անհրաժեշտության դեպքում ճամբարային ավան տեղակայման 9 վայր՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի մարզերում:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ