Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ձմռան վտանգները․ Աշոցքի տարածաշրջան

Ձմռան վտանգները․ Աշոցքի տարածաշրջան

779
Տարածել

Հայաստանի հյուսիսային ամենացուրտ շրջաններից մեկում՝ Աշոցքում, այս տարի ձյունառատ է։ Շղթայական արգելափակումները սովորական են դարձել։ Թեեւ ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա գտնվող Աշոցքում որ ձմեռը ձնառատ չի եղել, ո՞ր: Տարիներ են եղել, երբ գումարային 167 օր սառնամանիք է եղել, իսկ ձյունածածկը պահպանվել է ավելի քան 154 օր:

Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Վահագն Դանիելյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին Լանջիկ-Վարդաղբյուր ճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, արգելափակվել էր 81 մեքենա՝ 200 ուղեւորով։ Ոստիկանների եւ ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցների հետ համատեղ հրշեջ-փրկարարները մարդկանց տեղափոխել-ուղղորդել են Գյումրի եւ Աշոցք։ Կանայք, անչափահաս եւ նորածին երեխաներն առժամանակ պատսպարվել են ջոկատի «Ուրալ» մակնիշի կունգ մեքենայում մինչեւ ճանապարհի անցանելի դառնալը։ «Այս տարածքը ձնաբքի պատճառով ամբողջովին փակվում է։ Բացի այդ՝ գրեթե միշտ մերկասառույց կա, ինչը դժվարեցնում է երթեւեկությունը։ «Ղոչի աղբյուրն» ամենավտանգավոր հատվածն է․ հաճախ ավտովթարներ են լինում, մեքենաները հայտնվում են ձորում՝ չնայած ճանապարհային նշանների եւ կողնակների առկայությանը։ Տարիներ առաջ նաեւ մահվան ելքով դեպք ենք ունեցել», -մանրամասնեց հրամանատարը։

Նույն իրավիճակն է Ցողամարգ, Վարդաղբյուր եւ Բավրա տանող ճանապարհներին։ Վահագն Դանիելյանը նշեց՝ «թիրախում» են հիմնականում արտերկրից Հայաստան երթեւեկող այն վարորդները, որոնք անտեղյակ են տեղանքի վտանգներին եւ եղանակային պայմաններին։

Արդեն երկրորդ տարին է՝ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը հերթապահություն է իրականացնում Աշոցքի դահուկավազքի կենտրոնում անցկացվող մրցաշարերի եւ փառատոնների ժամանակ։ Հրամանատարի գնահատմամբ՝ երթուղիները բավականին գրագետ են նախագծվել, տարածքում վտանգավոր ծառուղիներ չկան, քարքարոտ հատվածները պարբերաբար հարթվում են։ Խոշոր արտակարգ դեպքեր չեն գրանցվել․ զբոսաշրջիկները հիմնականում վատ ինքնազգացողությունից են գանգատվում, ինչն առաջանում է բարձրադիր գոտում ճնշման տատանման եւ թերսնվելու պատճառով։
«Նախնական լուրերով՝ Աշոցքում ճոպանուղի կառուցելու ծրագիր է մշակվում։ Սա նշանակում է, որ ավելի զգոն պետք է լինենք։ Մեր կլիմայական պայմաններում ձյունագնաց-ամենագնած ունենալն անհրաժեշտություն է ոչ միայն երթուղիների վրա, այլեւ լեռնային ճանապարհներին գրանցված դեպքերին արագ արձագանքելու համար»,- ամփոփեց Վահագն Դանիելյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները