Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Գիտակցության խանգարումներ․ մակարդակներ

Գիտակցության խանգարումներ․ մակարդակներ

228
Տարածել

Գիտակցության շնորհիվ է իրականացվում մեր կապն արտաքին միջավայրի հետ․ վտանգի դեպքում՝ պաշտպանություն, արտաքին միջավայրի փոփոխության դեպքում՝ համապատասխան փոփոխություն եւ այլն։ Գիտակցության խանգարման կամ կորստի դեպքում տուժածն այս կամ այն չափով դառնում է անպաշտպան, թուլանում են նրա պաշտպանական ռեֆլեքսները։ Գիտակցության խանգարումները կարող են բավականին լուրջ հետեւանքներ ունենալ։

Գիտակցությունը գլխուղեղի գործունեության վիճակն է։ Գլխուղեղը նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Յուրաքանչյուր վնասվածք, որը հանգեցնում է գիտակցության խանգարման կամ կորստի, լուրջ իրավիճակ է։ Գլխուղեղը կարող է վնասվել կտրուկ հարվածից, գանգի խոռոչում ճնշման բարձրացումից, այլ հիվանդությունների եւ վնասվածքների հետեւանքով։ Ուղեղի մահացած բջիջները չեն վերականգնվում։ Նշանակում է՝ մարմնի այն գործունեությունը, որը ղեկավարվում է գլխուղեղի վնասված հատվածով, կարող է ընդմիշտ անհետանալ կամ խանգարվել։ Գիտակցության խանգարումը կարող է լինել նման վնասվածքի առաջին նշանը։ Գիտակցության խանգարումները կարող են զարգանալ հանկարծակի, հաճախ առանց որեւէ նախանշանի։ Այլ դեպքերում տուժածը կարող է վատ զգալ եւ հայտնել ձեզ այդ մասին, կամ ինքներդ կարող եք նկատել, որ նա իրեն վատ է զգում։

Առաջին օգնության տեսակետից տարբերում են գիտակցության չորս մակարդակ՝

Լրիվ գիտակից վիճակ․ տուժածը խոսում է պարզ, կողմնորոշվում է տարածության եւ ժամանակի մեջ։ Շարժումները հստակ են։ Ինքնուրույն բացում եւ փակում է աչքերը։

Մշուշված գիտակցություն․ տուժածը խոսում է անհասկանալի եւ խառնաշփոթ։ Պատասխանում է միայն պարզ հարցերին։ Չի կողմնորոշվում տարածության եւ ժամանակի մեջ։ Քնկոտ է կամ շփոթված։ Ձայնին կամ հպմանն արձագանքում է աչքերը բացելով։

Մթագնած գիտակցություն․ տուժածը չի խոսում։ Կարող է տարօրինակ ձայներ հանել։ Ցավային գրգիռին արձագանքում է աչքերը բացելով կամ անհստակ, ոչ նպատակաուղղված շարժումներով։

Անգիտակից վիճակ․ տուժածը չի արձագանքում ոչ մի հրահանգի, հպմանը կամ գրգիռի։