Գլխավոր Վերլուծություն Կվերադառնանք 2019 թվականի հունվարի 8-ին

Կվերադառնանք 2019 թվականի հունվարի 8-ին

298
Տարածել

Հարգելի ընթերցողներ

2018 թվականը կարեւորվեց առաջին հերթին անվտանգության մշակույթի ձեւավորմանն ու տարածմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով։ Մեր խմբագրությունը փորձել է հնարավորինս ներկայացնել տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս իրականացվող աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ծրագրերը, Հայաստանի մասնակցությամբ միջազգային ուսումնավարժությունների, տարածաշրջանային պլատֆորմների, համաժողովների, գիտաժողովների, որակավորման դասընթացների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մանրամասները։

Անդրադարձել ենք փրկարար ծառայության ստորաբաժանումների եւ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային այլ ստորաբաժանումների գործունեությանը, խոշոր արտակարգ դեպքերի, հրդեհների, արտադրական վտանգավոր օբյեկտների վիճակագրությանը, անտառային հրդեհների, կենդանիների վարակիչ հիվանդությունների, պոչամբարների եւ զբոսաշրջության անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտին առնչվող օրենսդրական դաշտինեւ այլ թեմաների վերաբերյալ մասնագիտական վերլուծություններին, առաջին օգնության ցուցաբերման կանոններին։

Ներկայացրել ենք արհեստավարժ աշխատանքի եւ մասնագիտական բարձր որակների համար աչքի ընկած ԱԻ ոլորտի լավագույն մասնագետներին, սպորտի բնագավառում հաջողությունների հասած, ստեղծագործող փրկարարներին, հրշեջ-փրկարարական ջոկատների առօրյան եւ աշխատանքի սեզոնային դժվարություններն ենք ներկայացրել, կամավորական շարժման անցյալն ու ներկան։

Խոսել ենք նախակրթական ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում անվտանգ կրթության ապահովման, ուսուցչական կազմի կարողությունների զարգացման, դիմակայությանն ուղղված խաղերի եւ առցանց գրադարանի ստեղծման հեռանկարներից։

Տարվա ընթացքում ԱԻ նախարարությունում եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի են ունեցել բազմաթիվ սպորտային, մշակութային եւ կրթական միջոցառումներ եւս տեղ են գտել կայքի օրակարգում։

Հանրային նշանակության կարեւոր մեկնարկներից է «Սպիտակ-30» նախագիծը, որում հրապարակել ենք երկրաշարժի գոտում արված եւ առայսօր անհայտ լուսանկարներ՝ իրենց պատմությամբ, հեղինակային հարցազրուցներ 30 տարի առաջ տուժած համայնքներում մարդասիրական առաքելություն իրականացրած հայ եւ օտարերկրացի մասնագետների հետ։ Պակաս կարեւոր չէ «911 հաղորդաշար» ուսուցողական տեսանյութերի շարքը, որի միջոցով ներկայացրել ենք այս կամ այն աղետն ու դրան արձագանքելու-դիմակայելու քայլերը:

Այս ընթացքում ընթերցողներից բազմաթիվ հարցեր ենք ստացել ու անպատասխան չենք թողել դրանցից եւ ոչ մեկը: Շնորհակալ ենք մեզ հետ լինելու, մեզ վստահելու համար։

Գալիք տարվա համար մեր առաջնահերթությունները նույն են. ամեն կերպ նպաստել անվտանգության մշակույթի, դիմակայուն հասարակության ձեւավորմանը: Կվերադառնանք 2019 թվականի հունվարի 8-ին:

Անվտանգ Ամանոր եւ խաղաղ տարի ձեզ: Աստված բոլորիս պահապան:

 

911tert.am կայքի խմբագրակազմ