Գլխավոր Ուսուցողական նյութեր Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները -2

Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները -2

900
Տարածել

Մաս 1-ին 

Ի՞նչ ցույց տվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը

Հաճախ կարելի է դատողություններ լսել, որ Լենինական, Սպիտակ, Կիրովական եւ այլ քաղաքներում շենքերի զանգվածային փլուզումները, որպես հետեւանք՝ մարդկային հսկայաքանակ զոհեր եղան Սպիտակի երկրաշարժի չտեսնված ուժգնության պատճառով: Իհարկե, մեղավոր էին նաեւ շինարարները, որոնք անորակ էին կառուցել։ Թվում է՝ ուրիշ մեղավորներ չկան։ Բայց արդյո՞ք այդպես է:

Իրականում ի՞նչ ուժի է եղել Սպիտակի երկրաշարժը: Երկրաշարժի ուժն էպիկենտրոնում եւ դրանից հեռու տարբեր է, կախված շատ գործոններից: Ցավոք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ գրանցումներ քիչ են արվել, այդ պատճառով կարծիքները տարբեր են։ Սակայն այս հարցին ի վերջո օբյեկտիվ պատասխան կտրվի՝ հիմնվելով ամերիկացի, ֆրանսիացի եւ մի շարք այլ երկրների սեյսմոլոգների ուսումնասիրության վրա։

Երկրաշարժի հետեւանքով առաջացել էին մի շարք դժվարություններ, որոնք խոչընդոտում էին փլուզված տարածքներում մարդկանց օգնելու, նրանց դուրս բերելու եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելու գործընթացին։ Այրվում էին գործարանները, շինությունները, հատկապես՝ փայտե տնակները: Գյումրի եւ Սպիտակ քաղաքներից բացի, հրդեհներ էին բռնկվել Նալբանդ, Պառնի եւ մյուս գյուղերում, որտեղ համեմատաբար շատ էին փայտե կառուցատարրերով տները, գոմերը։ Տանիքներում բռնկված հրդեհներն առաջացել էին հոսանքալարերից, կրակը տանիքներից տարածվել էր դեպի խոտի եւ ծղոտի պահեստավորված հակերը, այնուհետեւ՝ գոմեր, որտեղ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիներ կային։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Գյումրի քաղաքի տեքստիլի, գարեջրի գործարաններում եւ պատրաստի արտադրանքի պահեստներում հրդեհների պատճառն ինքնաշեն վառարաններն էին։ Նույն իրավիճակն էր նաեւ դպրոցներում։

Մեծ հրդեհ էր բռնկվել երկաթգծի կայարանից ոչ հեռու տեղակայված դիզվառելիքի եւ բենզինի պահեստավորման տարաներում։ Տեղանքում բազմաթիվ հրշեջներ էին աշխատում՝ կանխելու պայթյունի վտանգը, որը սպառնում էր հարակից բարձրահարկ շենքերին ու սեփական տներին։

Կրակի ճարակ էին դարձել վառարաններ օգտագործող հացի եւ հրուշակեղենի արտադրամասերը։ Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում էին քաղաքային հիվանդանոցներ:

Քիմիական գործարանի պահեստներում բռնկված հրդեհների պատճառը փլուզումներն էին․ պահեստներում ապահովված չէին հակահրդեհային անվտանգության կանոնները, հոսանքալարերի եւ էլեկտրականության վահանակների անվտանգությունը։

Արդյո՞ք շինարարության որակը համապատասխանում էր սեյսմիկ պահանջներին

Պատասխանը միանշանակ է, ո՛չ։ Փորձագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենաանորակ շենքերը Գյումրիում էին, ապա ՝ Սպիտակում եւ ավելի քիչ՝ Վանաձորում: Իհարկե, շինարարության որակը կախված է շատ գործոններից, եւ դրանք հայտնի են շատերին: Առանձին հարց է՝ ինչպես են գործարանային պայմաններում կամ շինհրապարակում պատրաստված բետոնի վատ որակը, սխալ եռակցումը, միացման հանգույցների անհամապատասխանությունը նախագծային պահանջներին ազդում շինարարության վրա։

Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետեւանքները սեյսմակայուն շինարարություն ապահովող օղակների վատ աշխատանքի արդյունքն էին։ Մեղքի մեծ բաժին ունեն նաեւ խորհրդային տարիների կուսակցական ղեկավար մարմինները, որոնք հետեւողականություն չէին դրսեւորել։ Ոչ պակաս կարեւոր գործոն էր «լճացման» շրջանում հասարակության բարոյական ճգնաժամը, որից փորձում ենք դուրս գալ արդեն 30 տարի։

Անուշ Պողոսյան

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» 15-րդ խումբ, 4-րդ կուրս