Գլխավոր Միջոցառումներ Բնապահպանական Ամանոր՝ «Լոռէ» ջոկատում (լուսանկարներ)

Բնապահպանական Ամանոր՝ «Լոռէ» ջոկատում (լուսանկարներ)

344
Տարածել

Այս օրերին Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի այցելուներին հետաքրքիր անակնկալ է սպասվում։ Բարդիների էտած ճյուղերից, պլաստիկ շշերից պատրաստված ձնեմարդերն ու խոզուկը ոչ միայն նախատոնական տրամադրություն են հաղորդում, այլեւ հիշեցնում քաղաքի բնապահպանական խնդիրների մասին։

«Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանի խոսքով՝ Ստեփանավանի քաղաքային աղբանոցն անմխիթար վիճակում է, աղբատար մեքենաները թափոններն անմիջապես Դեբեդ գետի վտակ Ձորագետն են լցնում։  Ամանորի խորհրդանիշների նման կերպարանափոխությունը քաղաքացիներին թույլ կտա վերանայել շրջակա միջավայրի հանդեպ իրենց վերաբերմունքը։

Հաջորդ տարի նախատեսվում է Ստեփանավանի պարանային այգու պաշտոնական բացումը։ Արդեն իսկ պատրաստ են բնապահպանական բովանդակությամբ պաստառները։ Ծրագրի շրջանակում ջոկատը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել անտառտնտեսության հետ գարնանն «Արջասար» կոչվող տարածքում անտառվերականգնում իրականացնել։

«1990-ականներին կտրված ծառերի կոճղերն այսօր մացառներով են պատվել, դրանք այլեւս չեն վերականգվելու։ Այդպիսով անտառը վերանում է։ Հատուկ տեխնիկայով այդքան կոճղերն արմատախիլ անելը ծախսատար է, ավելի արդյունավետ է կոճղային վերականգնումը (կոճղի վրա առողջ շիվի պատվաստում), որը բարդ, բայց հնարավոր  գործընթաց է։ Ֆինանսական աջակցության դեպքում նաեւ ծառատունկ ենք նախատեսում»,- ամփոփեց Արմեն Առաքելյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի