Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին իրավիճակներ․ ուշագնացություն

Հիվանդագին իրավիճակներ․ ուշագնացություն

271
Տարածել

Ուշագնացությունը գլխուղեղի արյունամատակարարման կարճատեւ նվազման հետեւանքով զարգացող գիտակցության կորուստն է։ Ուշագնացությունը կարող է առաջանալ ցավից, երկարատեւ կանգնած մնալուց, գերլարվածությունից, գերհոգնածությունից, հուզական ցնցումից, դիրքի կտրուկ փոփոխությունից, օրինակ՝նստած կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում։ Սակայն երբեմն այն կարող է լուրջ հիվանդության հետեւանք լինել։Ուշագնացությունը կարող է զարգանալ հանկարծակի կամ նախանշաններով։Նախանշաններն են գլխապտույտ, շշմածություն, գունատ, սառը, խոնավ մաշկ, սրտխառնոց, ոտքերի եւ ձեռքերի մատների ընդարմացում կամ ծակծկոցներ, տեսողության խանգարումներ։ Սովորաբար ուշագնացությունն անցնում է ինքն իրեն եւ լուրջ խնդիր չի ներկայացնում։Գիտակցությունն արագ վերականգնվում է տուծածի վայր ընկնելուց հետո։ Հիմնականում ուշագնացությունն ինքնին տուժածի համար վտանգ չի ներկայացնում, սակայն ընկնելու հետեւանքով կարող են առաջանալ վնասվածքներ։ Ուստի պաշտպանե՛ք տուժածին լրացուցիչ վնասվածքներից, եթե հնարավոր է, բռնե՛ք նրան ընկնելու պահին, պառկեցրե՛ք գետնին կամ որեւէ հարթ մակերեսի վրա, արձակե՛ք ճնշող կապերը՝գոտին, փողկապը, օձիքը։ Եթե հնարավոր է, բարձրացրե՛ք տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։ Եթե տուժածի գիտակցությունը չի վերականգնվում, ապա կիրառե՛ք ուժեղ գրգիռ (բարձր ձայն, նաշադրի սպիրտով թրջած բամբակը մոտեցրե՛ք քթին)։ Խորհուրդ չի տրվում ջուր լցնել նրա երեսին, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման բերել։ Եթե տուժածի գիտակցությունը կրկին չի վերականգնվում, բերե՛ք նրան կողքի ապահովության դիրքի եւ ահազանգե՛ք շտապօգնություն։ Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ դրանք փոխանցե՛ք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին։ Եթե կասկածում եք, որ ուշագնացության պատճառը հիվանդությունն է կամ լուրջ վնասվածքը, ապա այդ մասին տեղեկացրե՛ք մասնագետներին։