Գլխավոր Սպիտակ-30 Կամավոր ուսանողները՝ աղետի գոտում

Կամավոր ուսանողները՝ աղետի գոտում

257
Տարածել

«1988-ին Պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանող էի։ Երկրաշարժի մասին լուրը լսելուն պես կամավորական խմբեր ստեղծվեցին, առանց ընտանիքին տեղեկացնելու՝ ամեն մեկս մի ուղղությամբ շարժվեց։ 22-ամյա երիտասարդներս պատկերացում չունեինք՝  ուրենք գնում, ինչ է մեզ սպասում»,- վերհիշում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը։

Լենինականում անցկացրած մի քանի օրերի ընթացքում ինժեներների ուսանողական խումբը շինարարական աղբ էր տեղափոխում, օգնում տուժածներին հասցնել շտապօգնության մեքենաներին։ Նրանց աշխատանքն ուղղորդում էին ինստիտուտի դասախոսները, որոնք նույնպես աղետի գոտում էին։  Գնդապետի խոսքով՝ շատ գործողություններ կատարվում էին մեխանիկորեն, ոչ գիտակցաբար անհնար էր համատարած օգնության ճիչերին անհաղորդ մնալը։ Հենց այդ օրերին սովորեցին՝ ինչպես ճգնաժամային իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնել, տուժածին առաջին հոգեբանական աջակցություն ցույց տալ, նրան ապրելու հույս տալ։

Շատ տեխնիկական միջոցներ չկային, մարդիկ հիմնականում ձեռքով էին տեղաշարժում փլատակները։ Բացի այդ՝ ցրտաշունչ ձմեռ էր․ կամավորները միմյանց փոխարինելով էին աշխատում։ Համակարգված չէր սննդի մատակարարումը։ «Պարզ էր, որ շենքերի նախագծային աշխատանքները սխալ էին մշակվել, չէր իրականացվել որակյալ շինարարություն, ինչի պատճառով այդքան փլուզումներ ու զոհեր ունեցանք։ Երկրաշարժից 30 տարի անց մենք առաջին հերթին պետք է խնդիր դնենք ոչ թե տեխնիկապես զարգանալ, այլ փոխել մեր գիտակցությունը, ավելացնել գիտելիքները, որպեսզի կրկին նման իրավիճակում չհայտնվենք»,- ամփոփում է Կարեն Զիրաքյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ