Գլխավոր Միջոցառումներ Մրցաշար՝ Յուրի Վարդանյանի հիշատակին

Մրցաշար՝ Յուրի Վարդանյանի հիշատակին

269
Տարածել

Դեկտեմբերի 14-ին Լոռու մարզի Մեծավան համայնքում անցկացվեց ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը՝ նվիրված լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին։ Հայտագրվել էր մոտ 300 մարզիկ ամբողջ հանրապետությունից։ Տարիքային շեմը սահմանվել էր ներառյալ 23 տարեկանը։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների համար տարիքային սահմանափակում չի եղել։

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության Գյումրու թիմի ծանրամարտիկ, ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակից Գրետա Վարդանյանը 54 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել։ «Յուրի Վարդանյանը բոլոր ծանրորդների համար օրինակելի մարզիկ է։ Նրա ամեն ելույթն ինձ ուժ է տվել պայքարելու եւ հաջողության հասնելու»,-նշեց Գրետան։  

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ գաղափարը կյանքի է կոչվել մեծավանցի մի հայ բարերարի եւ ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Որոշվել է այսուհետ մրցաշարն ամենամյա ավանդույթ դարձնել։

Առաջնությանը մասնակցել է 12 հավաքական, այդ թվում՝ Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար եւ Ոսկեպար  համայնքներից։ «Սահմանամերձ համայնքերում ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ մարզիչների պակաս կա։ Մենք հնարավորություն ենք տալիս երեխաներին պարապելու եւ հետագայում իրենց բնակավայրում սպորտը զարգացնելու»,- ասաց Գագիկ Սարոյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի արխիվից