Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Անվտանգությունը՝ էքստրեմալ զբոսաշրջության հիմնաքար

Անվտանգությունը՝ էքստրեմալ զբոսաշրջության հիմնաքար

360
Տարածել

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պարգեւատրեց լեռնային տուրիզմի մասնագետներին։ Լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման, դրանց կարեւորության տարածման եւ ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրեր են ստացել ՀՀ ԱԻՆ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը եւ 18-րդ փրկարարական ջոկատում մասնագիտական փորձաշրջան անցնող Լեւոն Մովսիսյանը։  Փրկարար-լեռնագնացները նաեւ դասախոսում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» բաժնում։

22 տարվա լեռնափրկարար Սերգեյ Բիձյանի խոսքով՝ լեռնագնացության ժամանակ արտակարգ իրավիճակներն անկանխատեսելի են, եւ պարտադիր է ճշտել՝ ում հետ ես ճանապարհ  ընկնում։ Անփորձ ուղեկցորդները հաճախ  չեն կարեւորում լեռնային ռելիեֆի բարդությունները, եղանակային պայմանները,  եղանակին համապատասխան համազգեստի ընտրությունը։ Ցածրադիր բնակության վայրի սովոր օտարերկրացիները, առանց նախնական պատրաստության հայտնվելով մեր լեռներում, վտանգում են իրենց առողջությունը։

«Հունվարին Արայի լեռան վրա ձնահոսքի պատճառով մահվան դեպքը ստիպեց վերանայել մեր մոտեցումը լեռնագնացության անվտանգության հարցերին։ Էքստրեմալ զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների եւ անհատների լիցենզիայի  բացակայությունը մեծ խնդիր է, որը պետք է հրատապ կարգավորել։ Մարդիկ իրավունք ունեն իմանալու՝ ում են վստահում իրենց կյանքը։ Անհրաժեշտ է զարգացնել նաեւ ապահովագրության մշակույթը, քանի որ լեռներում փորձանքն ամեն քայլափոխի է»,- ամփոփեց Սերգեյ Բիձյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ