Գլխավոր Սպիտակ-30 Երկու աշխարհ կապող սերը

Երկու աշխարհ կապող սերը

235
Տարածել

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Անտոն եւ Վարվառա Ագուջյանների ժառանգ, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 1988 թ․ Սպիտակի երկրաշարժից հետո մեկ տարի լոգիստիկ մասնագետի եւ թարգմանչի  առաքելություն է կատարել աղետից տուժած համայնքներում, օգնել ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներին։ 1990 թ․ Մարսելի Parentheses ընկերությունը հրատարակեց նրա՝ երկրաշարժին նվիրված «Կրակ սառույցի տակ» խորագրով լուսանկարների առաջին ժողովածուն, որը հետագայում ընդգրկվեց «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» հանրահայտ գրքում։

Լուսանկարչի հետ մեր զրույցը մեծ ցավ ապրած ժողովրդի պայքարի, սեփական ինքնության բացահայտման մասին է։

Օգնություն՝ աղետյալ երեխաներին

Երկրաշարժից առաջ հայերն առաջինն էին, որ «Պերեստրոյկայի» ժամանակաշրջանում քաղաքական եւ տարածքային պահանջներ ներկայացրին։ Հայկական սփյուռքն ուշադիր հետեւում էր այդ իրադարձություններին: Խորհրդային Հայաստանը մեզ համար կարծես սրբավայր լիներ, որտեղ, ինչպես ավելի ուշ պարզվեց, ժողովուրդը սպառնալիքի տակ էր ապրում։ Երկրաշարժն իրականում կրկնեց Ցեղասպանության ողջ ողբերգությունը, ոչինչ պատահական չէր։ 70-ամյա կոմունիզմը լռեցրեց ազատագրական աննախադեպ շարժման բոլոր հույսերը։ Երկրաշարժից հետո Խորհրդային միությունն արեւմտյան հասարակական կազմակերպություններին եւ սփյուռքին համագործակցության հնարավորություն տվեց։ Անմիջապես ընդգրկվեցի Ֆրանսիայի հայ համայնքի կողմից ստեղծված ՍՕՍ կազմակերպության ցուցակում եւ 1989 թ. հունվարին եկա Հայաստան։

Աշխատում էի Երեւանի պահեստներում՝ կազմակերպելով օգնության ընդունումն ու տեղաբաշխումը դեպի տուժած համայնքներ։ Շուտով ընկերներիս հետ ծրագիր մշակեցինք որբ եւ հաշմանդամ երեխաներին աջակցելու համար։ Բանն այն է, որ երկրաշարժի հետեւանքով ոչ մի դպրոց չէր պահպանվել, եւ երեխաները թափառում էին ավերակների վրա՝ իրենց կյանքը վտանգելով։ Նրանց պատսպարելու համար սկսեցի տարածք փնտրել եւ Սևանա լճի ափին հայտնաբերեցի «Կապուտակ Սևան» հանգստավայրը, որը Հայաստանի կառավարությունը մեզ տրամադրեց։ Ծրագրի հիմքի վրա հետագայում ստեղծվեց նույն առաքելությունն իրականացնող «Փյունիկ» ասոցիացիան։ Կարողացանք նաեւ Վարդենիսի շրջանում հաստատված Բաքվի եւ Սումգայիթի  փախստական ընտանիքներին որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տալ։

Հայ մանուկների «խոսող» նամակները

Լուսանկարելու առաջին փորձերս երկրաշարժի գոտում արեցի, հասկացա, որ ուրիշի ցավ չի լինում, եւ որքան դժվար է լուսանկարչի համար  անտարբեր մնալը։ Փորձում էի այդ համատարած գորշության մեջ լույս գտնել։ Տեղացիներն ինձ հարազատի պես էի ընդունում, այս վերաբերմունքը կոփեց ապագա արվեստագետիս։ Հայերն այնպիսին էին, ինչպես երկար տարիներ պատկերացրել էի տատիս ու պապիս պատմածով՝ բարի, միաժամանակ խաղաղասեր եւ պայքարող։

Հայերեն գրեթե չգիտեի, հաղորդակցվելը դժվար էր։ Այդ ժամանակ Ֆրանսիայում արեւմտահայերենն այդքան տարածում չուներ։ Մեկ տարի Հայաստանում աշխատելով՝ կարողացա լեզվական խնդիրը հաղթահարել։ Ֆրանսիա վերադառնալուն պես հայ երեխաներից բազմաթիվ նամակներ էի ստանում, որոնցում պատմում էին իրենց կենցաղից, աննշան հաջողություններից։ Ամեն կերպ կապ էի պահում հատկապես Սպիտակի տարածքում ապրող երեխաների հետ։

Միակ բանը, որ զգում էի այդ օրերին եւ առայսօր, մինչեւ ողնուծուծը սեփական ազգի հանդեպ տածած սերն էր՝ առանց նրա լեզվով խոսելու կամ նույն կրոնին դավանելու։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Քնքուշ Տոնոյանի

Լուսանկարները՝ Անտուան Ագուջյանի արխիվից