Գլխավոր Վերլուծություն Կայուն զարգացման նոր հեռանկարներ՝ խոշորացված համայնքներում

Կայուն զարգացման նոր հեռանկարներ՝ խոշորացված համայնքներում

330
Տարածել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկել է «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը՝ ՄԱԿ-ի մարդկային ավտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Եռամյա ծրագիրը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, համատեղ կերպով իրականացնում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM):

Ծրագրի նպատակն է աջակցել Ալավերդի, Ամասիա, Բերդ եւ Թումանյան խոշորացված համայքներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության եւ ներառականության, տնտեսական եւ պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի եւ կայուն տնտեսական հնարավորությունների զարգացման միջոցով։

ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ ծրագրում ներառված խոշորացված համայնքները կառավարման, միասնական տնտեսություն ստեղծելու տեսանկյունից տարբեր խնդիրներ ունեն, բարձր է աղքատության եւ միգրացիայի մակարդակը, չկան արտադրական օբյեկտներ։

«Կառավարությունն ու միջազգային գործընկերները Հայաստանում ծախսում են ռեսուրսներ՝ հաշվի չառնելով բնական կամ տեխնոլոգիական աղետներից առաջացող ռիսկերը։  Սպիտակի երկրաշարժի դեպքում մենք ականատես եղանք՝ ինչպես սեյսմիկ ռիսկի սխալ գնահատումը բերեց շղթայական հետեւանքների։ Ցավոք, երկրաշարժից այդպես էլ դասեր չենք քաղել. շարունակում ենք  ներդրում անել մի համայնքում, որտեղ առկա ռիսկերը կարող են ազդել համայնքի զարգացման վրա եւ, հակառակը, համայնքի զարգացումը՝ մեծացնել այդ ռիսկերը»,- նշում է մասնագետը։

Համայնքային դիմակայունությունը «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի առաջնային բաղադրիչ է: Այն զարգացնելու նպատակով կկիրառվեն GIS երկրատեղեկատվական քարտեզագրման մեթոդն ու տեղական մակարդակում ռիսկերի կառավարման ծրագիրը: Առաջինի շնորհիվ կունենանք գիտականորեն ուսումնասիրված ռիսկերի պրոֆիլ եւ սցենար, թե տարբեր ուժգնությամբ երկրաշարժի դեպքում բնակչության, բնակֆոնդի եւ սոցիալ-տնտեսական ոլորտի ինչպիսի կորուստներ կլինեն։ Այս մեթոդը կօգնի նաեւ արագ արձագանքման արդյունավետության բարձրացմանը: Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման ծրագիրը ենթադրում է համայնքի ղեկավարության եւ բնակչության մասնակցությունը ռիսկերի գնահատման, կառավարման եւ առաջարկների փաթեթի ներկայացման հարցում։

Համայնքը կստեղծի իր սեփական թիմը՝ ներգրավելով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց եւ պարզապես մտահոգ քաղաքացիների, որոնք կաշխատեն կամավորական սկզբունքով: Թիմը կանցնի կարողությունների զարգացման դասընթացներ, հնարավորություն կունենա կյանքի կոչելու սեփական գաղափարները: Յուրաքանչյուր համայնքում կգործի տեղական գրասենյակ, որի գործունեությունը կհամակարգի համայնքից ընտրված պատասխանատու անձը: Ակնկալվում է նաեւ համայնքի մյուս բնակիչների ակտիվ ներգրավվածությանը, օրինակ, անտառային հրդեհների կանխարգելման գործում:

Նույն ծրագրի շրջանակներում 30-33 բնակավայրերում կտեղադրվեն վաղ ազդարարման եռամակարդակ համակարգեր: Գործընթացի վերահսկողության լիազոր մարմինն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է;

Գյուղատնտեսության ոլորտում FAO-ն եւ UNDP-ը կօժանդակեն կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ժամանակակից այգեգործության եւ ֆերմերային տնտեսության զարգացման գործում: Կստեղծվեն կոլեկտիվ տնտեսություններ, փոքր արտադրության գործարաններ, որտեղ գյուղացին կիրացնի իր բերքը: Տավուշի եւ Լոռու մարզերում հեռանկարային է հատկապես այծաբուծության զարգացումը: Կկառուցվեն պանրի արտադրամաս, անասնաբուժական եւ կաթի մթերման լաբորատորիաներ:  5-10 ընտանիքի կտրամադրվի այծերի որոշակի գլխաքանակ, ինչը կապահովի ամենօրյա սպառում եւ եկամուտ:

Մշակովի այգիների անվտանգության համար կհատկացվեն կարկտապաշտպան ցանցեր՝ 20 տոկոս գրանտային ներդրումով։ Շահառուները կունենան բանկային այլ արտոնություններ:

Կրթության ոլորտում UNICEF-ը կիրականացնի դպրոցների շենքերի ռիսկի մոդելավորում, անձնակազմի ուսուցում: Դպրոցներին սննդով ապահովելու ծրագրում WFP-ը կկիրառի յուրօրինակ մոտեցում՝ գնելով ոչ թե սննդի շուկաների ապրանքը, այլ ծրագրի շրջանակում ստեղծված տնտեսությունների արտադրանքը:  Այս ամենը ստեղծի նոր բիզնես միջավայր, կխրախուսի բնակիչներին:

Ինչ վերաբերում է միգրացիայի խնդրին, ապա ծրագիրը երկու հիմնական լուծում է առաջարկում՝ բացահայտել սոցիալապես դժվար կացության մեջ գտնվող միգրանտների ընտանիքներին, տրամադրել գրանտային ռեսուրսներ՝ սեփական բիզնես սկսելու համար: Հնարավորություն կընձեռնվի նաեւ վարսավիրություն, գոբելեն եւ կարուձև սովորել, ինչը կօգնի աշխատանք գտնել:

«Ներառականության առումով պահպանվելու է տղա-աղջիկ համամասնությունը: Տավուշի եւ Լոռու մարզերում կանանց դերը յուրահատուկ է. միգրացիայի պատճառով նրանք են պատասխանատվություն կրում տնտեսության, երեխաների դաստիարակության եւ անվտանգության համար։ Պետք է փորձենք կանանց կարողությունները զարգացնել: Ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք»,- ավելեց Արմեն Չիլինգարյանը:

Ծրագիրն իր ծավալով աննախադեպ է. ներգրավված են ՄԱԿ-ի 6 գործակալությունները եւ Հայաստանի 6 նախարարություններ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ