Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին վիճակներ․ կաթված

Հիվանդագին վիճակներ․ կաթված

328
Տարածել

Ձմռանը ջերմաստիճանի  հանկարծակի տատանումները կարող են հանգեցնել գլխուղեղում արյան զեղումների առաջացման հավանականության  կտրուկ աճի:

Կաթվածը գլխուղեղ գնացող արյան հոսքի ընդհատման հետեւանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառը գլխուղեղի անոթների խցանումն է կամ նրանց պատի վնասումը։ Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար։ Տուժածն ունենում է ստորեւ բերված նշաններից մի քանիսը կամ բոլորը՝ վատառողջ տեսք կամ տարօրինակ վարքագիծ, դեմքի եւ վերջույթների մկանների հանկարծակի թուլացում (սովորաբար դա տեղի է ունենում մարմնի միայն մեկ կեսում), խոսքի, տեսողության, հավասարակշռության, գիտակցության խանգարումներ, հիշողության կորուստ, բիբերի անհամաչափություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, զրնգոց ականջներում, ակամա միզարձակում եւ կղում, ցնցումներ։ Եթե կասկածում եք, որ գործ ունեք կաթվածահար մարդու հետ, ապա

  • Հանգստացրե՛ք տուժածին։ Հաճախ նա չի հասկանում, թե ինչ է կատարվել, եւ տագնապած է լինում։ Օգնե՛ք տուժածին հարմար դիրք ընդունել, գերադասելի է պառկած վիճակը։ Գիտակցության եւ կլման ակտի խանգարման, առատ թքարտադրության, փսխման դեպքում տուժածին բերե՛ք կողքի ապահովության դիրքի։
  • Ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու։ Ահազանգե՛ք շտապօգնություն։ Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին։

Կաթվածի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոնները նույնն են՝ տուժածի տարիքը, սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարախտը կամ սրտի ախտահարումները։ Սրանք վերահսկելի չեն։

Սակայն կարելի է վերահսկել այլ վտանգավոր գործոններ՝ բարձր ճնշումը, որը մեծացնում է զարկերակների վնասվելու հավանականությունը, ծխելը, կենդանական ճարպերի եւ խոլեսթերինի չարաշահումը, շարժումների եւ մարզումների սակավությունը, սթրեսները։