Գլխավոր Վերլուծություն Անվտանգ կրթություն՝ սեյսմակայուն դպրոցներում

Անվտանգ կրթություն՝ սեյսմակայուն դպրոցներում

529
Տարածել

2016 թվականին ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է վարկային պայմանագիր՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման նպատակով։ Ընդհանուր բյուջեն 107 մլն ԱՄՆ դոլար է, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն, պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական խնդիրը բարձր խոցելիություն ունեցող դպրոցներն են, որոնք մինչեւ 8 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում կքանդվեն կամ կդառնան քանդման ենթակա:

Դեռ 2015 թ. կառավարությունը հաստատել է 1448 դպրոցներից սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377-ի ցանկը՝ սեյսմիկ խոցելիության ընդհանուր գործակցի դասակարգման համար հիմք ընդունելով մի շարք չափորոշիչներ՝ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, տիպարային դպրոցի խոցելիության աստիճանը, դպրոցների տեխնիկական վիճակը, դպրոցների տարածքում այլ բնածին վտանգները՝ սողանք, քարաթափում, ջրհեղեղ, կառուցման տարեթիվը, աշակերտների քանակը եւ այլն։

Կրթության եւ գիտության նախարարության, մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կատարված լուսանկարների հիման վրա ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության մասնագետներն անցկացրել են արագացված ուսումնասիրություն։ 2016 թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ սեյսմիկ խոցելիության գնահատում կատարվել է բոլոր՝ 1385 պետական հանրակրթական դպրոցներում՝ ըստ մասնաշենքերի :

Ծրագրում ընդգրկելու համար նախապատվությունը տրվել է հիմնականում մեծ դպրոցներին, քանի որ  այս դեպքում փոքրանում է 1 աշակերտի հաշվով կատարվելիք ծախսը եւ հնարավոր է լինում բարելավել ավելի մեծ թվով աշակերտների անվտանգ ուսման պայմանները։ Հաշվի են առնվել նաեւ համայնքում ժողովրդագրական ցուցանիշները, այլ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ շենք-շինություննների տեխնիկական վիճակը եւ այլն։ Քննարկվել են նաեւ այն կրթօջախները, որոնք կարող են կոնսոլիդացվել նույն համայնքի այլընտրանք չունեցող դպրոցների հետ։ Օրինակ՝ Գավառում թիվ 1 եւ թիվ 4 հիմնական դպրոցների փոխարեն առաջարկվում է կառուցել մեկ հիմնական դպրոց՝ 950 աշակերտի համար։

Նախորդ շաբաթ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում ներկայացվեց առաջիկայում վերակառուցման կամ ամրացման ենթակա առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող դպրոցների ցանկը։ Դրանք են Արագածոտնի մարզի Սասունիկ, Օհանավան եւ Շենավան, Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Մասիս եւ Այգեստան, Արմավիրի մարզի Պտղունք, Փարաքար, Ջրաբերդ եւ Մրգաշատ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան եւ Կամարիս, Լոռու մարզի Վանաձոր, Օձուն եւ Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ճամբարակ, Տավուշի մարզի Գանձաքար, Շիրակի մարզի Ազատան եւ Արթիկ, Վայոց ձորի մարզի Վայք եւ Գետափ համայնքներում գործող թվով 26 դպրոցներ։

Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ