Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են մարտական արկ

Փրկարարները հայտնաբերել են մարտական արկ

532
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ 200-ից ավելի ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 74 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Էրեբունի, Կենտրոն եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները սպասարկող փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր

Երևանի Կենտրոն բաժնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք բերման ենթարկված անձի ձեռքերը ձեռնաշղթաներից ազատել չի հաջողվում։ Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը ցուցաբերել է համապատասխան օգնություն։

Շենգավիթի փրկարարները Նորագավիթ թաղամասում գտնվող տնամերձ հողամասում հայտնաբերել են կոռոզիայի ենթարկված 122 մմ տրամաչափին արկ՝ մարտական վիճակում, տեղափոխել այն անվտանգ տարածք եւ սահմանազատել տեղանքը։

Խոշոր հրդեհի կանչի են արձագանքել Լոռու մարզի Թումանյան քաղաքի փրկարարները։  Ահնիձոր գյուղի հարակից «Ժանդառլու» կոչվող հանդամասում գտնվող գոմում բռնված հրդեհի պատճառով այրվել է 30 տոննա խոտ, սատկել 10 խոշոր եղջերավոր անասուն եւ 1 ավանակ: Հրդեհաշիջման, քանդման եւ հովացման աշխատանքները շարունակվել են 5 ժամ։