Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սպիտակի երկրաշարժի դասերը․ ուսուցողական միջոցառումներ՝ Երեւանի կրթօջախներում

Սպիտակի երկրաշարժի դասերը․ ուսուցողական միջոցառումներ՝ Երեւանի կրթօջախներում

1185
Տարածել

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացավ Արտակարգ իրավիճակների նախարարության Երեւան քաղաքի ստորաբաժանումների գույքի եւ տեխնիկայի ցուցադրություն։

Անդրադարձ կատարվեց Սպիտակի երկրաշարժի պատմությանը եւ միջազգային փրկարարների առաքելությանը աղետի գոտում, ներկայիս փրկարարական տեխնիկայի հնարավորություններին,  քաղաքացիական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների, ինժեներասակրավորական, պարամեդիկ, կենսաբանական ու քիմիական մոնիտորինգի խմբերի աշխատանքին եւ այլն։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ մարտական հաշվարկ ցուցադրեց՝ ինչպես «ինքն իր վրա» եղանակով Պատմության թանգարանի շենքից տարհանել ձեռքի վնասվածքով տուժածին։ Ներկաները եւս հնարավորություն ունեցան հանդես գալ տուժածի դերում, փորձել մարտական հագուստը։

Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյանի խոսքով՝ 30 տարի առաջ նման տեխհագեցվածության դեպքում հնարավոր կլիներ զգալիորեն կրճատել զոհերի թիվը։ Ներկաներին հատկապես հետաքրքրել էին ռումբ հայտնաբերելու համար նախատեսված ռոբոտոտեխնիկան եւ Աղետների բժշկության կենտրոնի բժշկական մեքենան։

Դեկտեմբերի 6-ին «Երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմայով փրկարարները դասախոսություններ են անցկացրել նաեւ Երեւանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155  հիմնական,  թիվ 177  հիմնական, Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական, Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցներում, այլուր։

Դեկտեմբերի 7-ին «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանությունը երկրաշարժի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ կանցկացվեն Պ.Յավորովի անվան թիվ 131 հիմնական, թիվ 104 հիմնական, Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցներում եւ Մ.Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Երևանի փրկարարական վարչության արխիվից