Գլխավոր Սպիտակ-30 Վերագտած կյանք՝ վագոն-տնակներում

Վերագտած կյանք՝ վագոն-տնակներում

576
Տարածել

35 վայրկյան․ ժամանակային տարածության այս փոքր միավորը բավական է, որ վիթխարի բազմաբնակարան շենքերը հողին հավասարվեն։

Ռուսաստանից Նիկոլայ Նիրկովը, որը երկրաշարժից օրեր անց Լենինականում վթարավերականգնողական ԶԻԼ-ի ջոկատի կազմում էր, իր հուշագրություններում նշում է՝ Երեւանյան խճուղում կառուցված շենքերի շաղախում ցեմենտն իսպառ բացակայում էր։ Աղյուսը ձեռքն առնելուն պես ավազե շաղախը փշրվում էր։ Իսկ մասնավոր միահարկ տները գրեթե չէին տուժել։

Երկրաշարժից հետո շատ պետություններ ու կազմակերպություններ ձեռնամուխ եղան բնակելի թաղամասերի, հիվանդանոցների ու դպրոցների կառուցմանը։ 1989 թ իտալացիները Սպիտակում հիմնեցին «Իտալական գյուղը», նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոցը։ Գյումրիում բնակելի թաղամաս ստեղծեցին ավստրիացիները, իսկ անգլիացիների հիմնադրած դպրոցի բացմանն անձամբ  ներկա գտնվեց Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Շատերի համար, սակայն, սեփական ամուր տանիք ունենալը մինչ օրս երազանք է մնում։ 30 տարի առաջ Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն բերված վագոն-տնակների մեծ մասը դեռ կանգուն է։ Պարաօլիմպիկ խաղերի մասնակից, ԱԻՆ աշխատակից Գրետա Վարդանյանը, որը բազմաբնակարան շենքի փլատակներում միակ ողջ մնացածն էր, միայն վերջերս բարերարի օգնությամբ տուն ստացավ։

Ոչ ստույգ տվյալներով՝ ներկայումս Շիրակի եւ Լոռու մարզի տարբեր համայնքներում մոտ 2500 անօթեւան ընտանիք է ապրում։ Ժամանակավոր կացարանները, որոնք 30 տարի առաջ ապրելու հույս տվեցին, այսօր տխուր իրողություն են հիշեցնում։ Փայտե պատերի ներսում ծնված սերունդները շարունակում են լուռ կիսել ծնողների ճակատագիրը։