Գլխավոր Սպիտակ-30 Սերմերը

Սերմերը

657
Տարածել

-Վաղի՜կ,   բալե՜ս, ջուր բե՛ր, բալի կտերը ցանել եմ,  հողը չոր է, ջուր  կուզէ:

-Ա՛յ մերս, օգոստոսին սերմ կցանե՞ն,  դեպի ձմեռ կերթանք, տաք օրերը  կըքչընան:  Գարունը կգա, ցանես կը, էլի:

-Չէ՛, բալա՛ ջան,  չես հասկընա, սերմը  քիչըմ կուռի, կծլի, հետո տաք ձյան տակ կմնա, գարունը  ծիլը դուրս կգցի ու կդառնա դալար շիվ՝ քո ու ախպորդ  պես:  Թեզ արա՛,  ջուրը բե՛ր:

Վաղոն  դրսի ծորակից դույլի կեսը լցրեց  ջրով, տվեց մորը: Խաթուն մայրիկը սերմերը խնամքով պահ տվեց հողին, ջրեց եւ գոհ իրենից` գնաց առօրյա տնային գործերով զբաղվելու: Խաթուն մայրիկը  միայնակ էր վարում տնտեսությունը: Կով էր կթում, հաց թխում, բոստանը ջրում: Մեկ-մեկ թխած հացը տանում էր քաղաք, շուկայում վաճառում, տան պակաս-պռատն առնում, լրացնում ու վերադառնում գյուղ: Ամեն անգամ քաղաքից վերադառնալիս ստուգում էր` սերմերը ծլել են, թե ոչ:

Տաք աշուն էր: Հոկտեմբերի կեսերն էր: Մեկ ամսից էլ քիչ էր անցել սերմերը հողին պահ տալուց, երբ Վաղինակն ուրախությամբ ճչաց.

-Մա՜, մա՜, սերմերդ ծլել են, արի՛ տես:

Մայրը խմորոտ ձեռքերը սրբեց փեշերով,  հետո թափ տվեց, վազեց այգի, որ տեսնի ծիլերը:

-Փառքդ շատ, աստված, տղեքս ծլեցին…

Դժվար կյանքով էր ապրում Խաթուն մայրիկն իր զավակների հետ: Ամուսինը  զոհվել էր: Լավից-վատից հաշտ ու համերաշխ էին։ Վարպետ Գարուշը դեպոյում էր աշխատում․ ամեն առավոտ գյուղից ավտոբուսով գնում էր քաղաք, երեկոյան ուշ՝ վերադառնում։ Վատ չէր վաստակում: Նրանց կյանքն այնքան  էր բարելավվել, որ ապառիկով գորգ, հեռուստացույց, սառնարան,     ակորդեոն եւ  հեծանիվ էին գնել: Անգամ ապառիկով ավտոմեքենա գնելու մասին էր մտածում։ «Զապոռոժեց»…

Բայց  շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այդ օրը  շոգեքարշ էր նորոգում վարպետ Գարուշը: Նորոգված  շոգեքարշի փորձարկման  ժամանակ մխոցից  արտանետված գոլորշին  այրեց թոքերը: Երկու օր ու գիշեր բժիշկերը պայքարեցին նրա կյանքի համար, սակայն ապարդյուն:

Գարուշի մահից անցել էր հինգ տարի: Տղաները մեծացել էին:  Վաղինակը 12 տարեկան էր, Սեդրակը` 10: Հոր պես  նրանք էլ ամեն առավոտ ավտոբուսով գնում էին քաղաք: Հայրն էր ցանկացել, որ տղաները քաղաքում դպրոց գնան:

Խաթունն ընդամենը քառասունհինգ տարեկան էր, սակայն  յոթանասունի  պես էր երևում: Ուրախանում էր զավակների հաջողություններով:   Նյութական միջոցները բարելավելու համար  տղաները դասերից հետո հերթով արածեցնում էին  երկու զույգ կովերին, որոնց կաթը  հոգում էր ընտանիքի  կարիքները:  Մեկ-մեկ մորն օգնում էին քաղաք հաց տանել եւ  վաճառել, այն էլ թաքուն, որ դասարանի  տղաները հանկարծ չտեսնեն: Կարող էին  ծաղրել։ Ամաչում էին: Չէ՞ որ դասարանցիները չգիտեին  իրենց ընտանիքի մասին: Կարծում էին` գրագետ ընտանիքից են, որովհետեւ   լավ էին սովորում, մաքուր ու կոկիկ  հագնվում եւ, ամենակարևորը, դպրոցում գրական հայերենով խոսում․ գյուղի բարբառն արտասանելուց վախենում էին։ Մեծ տղաներ էին, սակայն մոր հետ էին քնում: Ամեն երեկո Վաղինակը փաթաթվում էր մորն ու ասում:

-Մա՛մ ջան, լավ կսորվիմ, կըմեծընամ,  ինստիտուտ կերթամ, մեր հարեւան ընկեր Մանուկյանի պես ռայկոմի աշխատող կեղնիմ, ավտո կառնիմ, հայրիկն էլ  երկնքից կտեսնի  ու կուրըխնա: Էդ  վախտ  էլ  չեմ թողնի, որ հաց թխես ու ծախես:

Այդ պահին Խաթուն մայրիկի կոկորդը  լցվում էր, շրթունքը դողում: Շոյում էր  որդիներին, համբուրում, հպարտանում նրանցով ու  մտաբերում  իր  անցած կյանքը: Հոր տանը նույնպես դժվար օրեր  էր ապրել: Հայրը գնացել էր արտագնա աշխատանքի ու չէր վերադարձել: Մայրը մահացել էր  քաղցկեղից,  երբ ինքն ընդամենը  տասներեք տարեկան էր: Ստիպված թողել էր դպրոցը եւ զբաղվել քույրերի ու եղբոր խնամքով, որոնցից փոքրը  երեք տարեկան էր: Բոլորին մեծացրեց, հասցրեց իրենց նպատակին, հետո  ինքն էլ  ամուսնացավ: Առաջացած տարիքում էր արդեն՝ երեսունյոթ տարեկան: Իրար հետեւից երկու  որդի ունեցավ, որոնց համար միշտ մոմ էր վառում , աստծուց բարօրություն ու առողջություն խնդրում:

Այդ գիշեր լավ չքնեց Խաթունը: Անընդհատ  շուռումուռ էր գալիս, անհանգիստ էր, տեղը մի տեսակ հարմար չէր, չնայած իր սովորական տեղն էր: Վեր կացավ: Գիշերակես էր: Գուցե քաղաքում ապրողների համար դեռ այնքան էլ ուշ չէր, սակայն գյուղում ուշ ժամ էր․ գյուղում առավոտները հինգին են սկսվում։ Գուցե կիսատ մնացած գործերի պատճառո՞վ քունը չէր տանում: Դժվար թե: Սակայն քանի որ  վեր էր կացել, ցախը դասավորեց թոնրի մոտ, առավոտվա հացի ալյուրը մաղեց, թթխմորը բացեց ու սկսեց հունցել՝ մտածելով՝ թող պատրաստ լինի, առավոտյան գնդերը կանի, հարեւանի նորահարսի հետ  հացը կթխեն: Այս ամիս փող շատ է պետք, շուտով նոր տարի է գալու, ահագին ծախսեր կան անելու:

Գիշերվա երեքն էր, երբ Խաթունն ավարտեց գործը: Լավ ծածկեց խմորը, որ հասունանա: Մտածեց՝ մի երկու ժամ կմնա, կհասնի, ժամը հինգին կարթնանա, եւ հացը կթխեն: Հարեւանի հարսիկը շատ լավ աղջիկ է: Ճիշտ ժամին կգա: «Հանկարծ քնով չանցնի», — մտածեց Խաթունն ու պառկեց:
Շատ էր հոգնած, միանգամից քնեց:

-Խաթու՛ն մայրիկ, Խաթու՛ն մայրիկ, էս  քեզնից չէ, ընչի՞ ես քնով անցել,- լսեց Խաթունը մի հեռավոր ձայն, որն իրեն էր կանչում:

-Ամա՜ն, խայտառակ էղանք, — տեղից վեր թռավ Խաթունը,- էս ընձնից չէր, էս ընչի՞  եմ քնովցել, Լիանի՛կ ջան, հիմա գալիս եմ, մեղա քեզ, աստված, էս ի՞նչ նորություն է,- իրեն-իրեն խոսում էր Խաթունն ու արագ- արագ հագնվում:

Կրակը գցեց թոնիրը: Լիանիկ հարսիկը խմորը գնդում էր ու բացում, ապա տալիս Խաթուն մայրիկին։ Թխած թարմ հացի արբեցնող բույրը տարածվում էր առավոտյան սառը օդում:

— Էս քանի հաց է՝ կուտ կերթա,- թոնրի մեջ ընկած հացերի մասին ասաց Խաթունը,- խեր ըլնի:

-Խեր է, խեր, Խաթու՛ն մայրիկ, էսօրվա խմորը փեշխունի վրա ինչխօր շոլկ էղնի,- միջամտեց Լիանիկ  հարսիկը:

-Լիանի՛կ ջան, էսօր հեչ չհասկըցա, թե ինչ երազ տեսա: Գարուշ հայրիկն եկավ երազիս: Էկավ, լուռ պտուտ տվեց բոստընի մեջ: Երկու սերմ էր բերել,  դրեց բռիս մեջ ու   ըսավ՝ «պի՛նդ պահե»: Ըսեցի. «Ցանել եմ արդեն, սերմերն էլ ծլել են»: Էլ ոչինչ չըսավ: Սերմերն օր դրեց, ընբես ամուր սըխմեց ձեռս, օր ցավից զարթնեցի, էդ վախտ էլ  քու ձենն ընկավ ականջիս: Չհասկըցա, թե ինչ էր, աստված խերն անի:

-Ինչի՞ չհասկացար, Խաթու՛ն մայրիկ, երկու սերմերը քու երկու տղեքդ են, Գարուշ հայրիկը եկել է, քեզ հիշեցրել, որ լավ պահես նրանց: Օր-օրի  մեծանում են, հասունանում, քեզ թեւ ու թիկունք են նրանք:

— Լիանի՛կ ջան, նրանց խաթեր  բալի երկու  կուտ եմ տնկել, այ հրեն է:  Հրաշք է եղել: Էս տաք ձմռանը հըլը կանաչ են: Երեկ գնացի ցելոֆանով փաթթեցի, որ չսառեն, գարունը կգա, տղեքիս պես, նորից կկանաչեն ու հասակ կառնին: Աստծուց է, բալա՛ ջան: Ո՞վ է տեսել, որ սեպտեմբերին ցանած կուտը ծլի: Փառքդ շատ, աստված ջան,  մեռնիմ զորությանդ:

Լիանիկը բացեց վերջին գունդն ու փոխանցեց: Խաթուն մայրիկն այն քցեց բատատին, մի քանի կաթիլ ջուր ցանեց, որ լավ բռնի, հետո խփեց թոնրի  շուրթին, խաչակնքվեց ու վեր կացավ:  Ի նշան  երախտագիտության մի քանի հաց դարսեց իրար վրա,  տվեց  հարսիկին  եւ գնաց տղաներին արթնացնելու:

-Վաղի՛կ, Սեդրա՛կ,  վե՛ր կացեք, ժամը ութն է: Ավտոբուսը կգնա, բալա՛ ջան, ելեք, կուշանաք:

Տղաներին պետք չէր երկու անգամ արթնացնել: Երբ հայրը  վերջին շնչում էր, զավակներին  ասաց, որ   մորը  թեւ ու թիկունք  լինեն:  Մոր ձայնը  լսելուն պես անմիջապես վեր էին թռչում տեղից, արագ-արագ հագնվում  ու սպասում նախաճաշի: Այդ օրը թարմ հացի բույրն ընկավ նրանց քթին: Խաթունը տաք կաթն արդեն  դրել էր սեղանին: Տղաները մեծ բրդուճները կերան, շտապ կաթը խմեցին, որ  չուշանան։ Մայրը կանչեց.

-Վաղի՛կ ջան, էսօր հաց պըտի տանիմ քաղաք, Ունիվերմագ պըտի մտնիմ, բան-ման ունիմ առնելու: Կուշանամ: Բալնիքը կդնեմ  գոմի դռան  շեմի տակը: Դասերից հետո շուտըմ կուգաք տուն, հաց կուդեք, ախպորդ  տիրություն կենես մինչեւ գամ:

Վաղինակը հեռվից ձեռքով  արեց մորն  ի նշան  համաձայնության, ու եղբայրներն արագավազ հեռացան թանձրացող մառախուղի մեջ, որը դեկտեմբեր ամսին հազվադեպ պատահող երևույթ էր:

Որդիներին  դպրոց ճանապարհելուց հետո Խաթուն մայրիկը դասավորեց հացերը,  հաշվեց դրանք ու մի տեսակ հպարտացավ իր աշխատանքով:  Հետո հացի շորը փռեց պոլիէթիլենային մեծ կտորի վրա, պինդ փաթաթեց, տուն ու դուռը մաքրեց, երեխեքին հաց սարքեց, նստեց մի փոքր հանգստանալու:  Լավաշը պիտի շալակեր եւ ահագին ճանապարհ  ոտքով կտրեր, մինչեւ կհասներ ավտոբուսի  կանգառին: Իրենց տունը գյուղի ծայրին էր, ավտոբուսի վերջին կանգառն էլ՝ բավականին հեռու։ Չէր դժգոհում, միշտ հավատում էր՝ եթե աստված մի դուռ փակում է, մյուսը բաց է անում: Եվ իր ընտանիքի այսօրվա խաղաղ ու բարերար վիճակը դրա վառ ապացույցն էր: Չնայած մեկ-մեկ աչքերը թրջում էր: Ուզում էր, որ Գարուշը կենդանի լինի,  ուրախանա իր գեղեցիկ, օրեցօր հասունացող ուշիմ ու բարի  զավակներով:

Ավտոբուսի մեջ միայն  Խաթունը չէր, որ լավաշ էր տանում վաճառելու: Գյուղի կանայք  հիմնականում այդ գործով էին զբաղվում: Բայց Խաթունի հացը ամենահամովն էր, որովհետեւ  լավաշ թխելու բոլոր  կանոնները սրբորեն  պահպանում էր․ մորից էր ժառանգել։ Այն փափուկ էր, լավ ծամվող, ցորենի անուշ հոտով:  Այդ էր պատճառը, որ շուկա հասնելուն պես՝ կես ժամվա ընթացքում, նրա թխած լավաշը սպառվում էր: Հատուկ  հաճախորդներ ուներ, որոնք  գիտեին  Խաթունի շուկա գալու եւ՛ օրը, եւ՛ ժամը:

Ժամը  տասնմեկն էր: Խաթունն արդեն ավարտել էր լավաշի առեւտուրն ու շտապում էր հանրախանութ` Ունիվերմագ: Մտածում էր՝  արագ առևտուրը կանի  ու  զավակներից շուտ տուն կհասնի,  որ տղաները դպրոցից գալիս  դուռը փակ  չտեսնեն: Չէին սիրում փակ դուռ: Կհասցներ  նաեւ  կերակուրը տաքացնել , պատրաստ սպասել  նրանց։

Հանրախանութում Խաթունն առեւտուրն արդեն վերջացրել էր ու   պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ  գետինը դղրդաց, փոշու ամպ բարձրացավ։ Մի  կնոջ ուսից կախված՝ ցած գլորվեց ու հայտնվեց  փլատակների տակ: Ոչինչ չհասկացավ, գլուխն անմիջապես  տաքացավ:  Մի ծանր  բան ճնշեց նրա ոտքերը: Րոպեներ անց լսվեցին գոռում-գոչյուններ, տնքոցներ,  ճիչ ու աղաղակ, որոնք հետզհետե մարում էին: Մեկ ակնթարթում ամբողջ կյանքը ժապավենի նման անցավ Խաթուն մայրիկի աչքի առջեւով, տխրեց իր կյանքի այդպիսի վերջաբանի համար: Որոշ ժամանակ անց  Խաթունը հավաքեց իրեն եւ  հասկանալով  կատարվածը՝ փորձեց ինչ-որ շարժումներ կատարել, բայց ապարդյուն: Ոտքերը մեծ բետոնե սալիկի տակ էին մնացել, շարժվել չէր կարող: Կողքին ընկած էր մի կին, որն, ըստ երեւույթին, նույնպես   հանրախանութում  էր եղել աղետի պահին: Նա տնքում էր, ցավից լալիս: Խաթունը, զգալով, որ իր կյանքի վերջին րոպեներն է ապրում,  փորձեց հանգստացնել կնոջն ու խնդրեց նրան.

-Քուրի՛կ ջան, մի՛ լա, քեզ բան չի եղել, օր կըրնաս լալ, ուրեմն   բան չի եղել, ես վատ եմ, զգում եմ, որ վերջին շնչում եմ, իմ որբուկներն   ինձ կփնտրեն,  Վաղինակն ու Սեդրակը: Անունս Խաթուն է, եթե կենդանի մնաս, գտի՛ր նրանց, ասա՛, թող իրենց հոր օջախը շեն պահեն, մարդավարի մեծանան ու  բալենիներին տիրություն անեն: Փառքդ շատ, աստված, գիտեմ որ տղեքս փրկված կլինեն այս դժոխքից, երազս կատարվեց: Սերմերս կաճեն ու կմեծանան:

-Բայց ի՞նչ գիտես, որ տղեքդ կենդանի են, ու նրանք էլ մի տեղ չեն մնացել քեզ պես,- ասաց անծանոթ կինը:

-Գիտեմ, երազիս մեջ եմ տեսել, նրանք կենդանի են ու կգան ինձ գտնելու: Անպայման տղեքիս կհայտնես իմ վերջին ցանկությունը:

Իսկ  եղբայրները չգիտեին՝ որտեղ փնտրել իրենց մորը:  Մինչև երեկո մայրը չկար: Չգիտեին՝ ինչ անեն, ուր գնան: Դուռը չբացեցին ու տուն չմտան: Շվարած էին: Վախենում էին ուրիշ բան մտածելուց: Գոմի դռան շեմին նստած՝ հանկարծ Վաղինակը հիշեց, որ մայրը  հանրախանութ պիտի գնար: Ու երկու մանկահասակ եղբայրներ, կարոտ  մեկի կարեկցանքի ու օգնության,   հեւիհեւ հասան քաղաքի հանրախանութ,   որը գետնին էր հավասարվել։ Բոլորն իրար ուրացել էին: Ո՞վ եւ ու՞մ կարող էր փրկել, երբ բոլորն օգնության կարիք ունեին: Մարդիկ այս ու այն կողմ էին վազում, փորձում ձեռքերով  բետոնները  քանդել․փլատակներից օգնության ձայներ էին լսվում։  Տղաները   սրան-նրան հարցուփորձ էին անում, նկարագրում իրենց մորը: Տեսե՞լ է արդյոք որեւէ մեկը նրան, արդյոք բոլորին հանե ՞լ են փլատակներից: Սակայն ոչ ոք նրանց ուշադրություն չէր դարձնում:

Բավական ժամանակ էր անցել: Արդեն մութն ընկել էր: Դեկտեմբեր ամսին ժամը հինգին արդեն մութ է: Մոլորված, անզոր ու թեւաթափ նստած էին տղաները, երբ հանկարծ մի կնոջ ձայն լսեցին․

-Վաղինա՜կ, Սեդրա՜կ: Վաղինա՜կ, Սեդրա՜կ:

Տղաները քար կտրեցին՝ իրենց անունները լսելով: Բայց դա նրանց մոր ձայնը  չէր: Գնացին ձայնի կողմը: Անծանոթ կին էր, նոր էին հանել փլատակներից։ Պառկած էր: Ձեռքը՝  սեւացած ու կապտած: Մոտեցան։

-Դուք որտեղի՞ց եք մեզ ճանաչում, — գեղեցիկ հայերենով հարցրին նրանք:

-Դուք ձեր մո՞րն եք փնտրում, Խաթու՞ն է նրա անունը: Ձեր անունները՝ Վաղինակ ու Սեդրակ։

-Այո՛, այո՛, որտե՞ղ է մայրիկը:

-Ձեր մայրն այնտեղ է,- ցույց տվեց կինը,-գուցե դեռ կենդանի է: Եթե  տեր էղնիք, կարող է փրկեք խեղճին: Հա, գուցե դեռ կենդանի՞ է: Չնայած  մե վախտըմ հետո ձենը էլ չեկավ: Ընբես էր ուրախացել,  որ դուք կենդանի եք:

-Որտե՞ղ է, որտե՞ղ,- լացակումած գոռացին տղաներն ու վազեցին կնոջ ցույց տված ուղղությամբ` մորը   գտնելու:

Օգնության եկեն  մեծերը: Տղաները մեծերի օգնությամբ գտան  գլուխն ամբողջովին արյունոտված մոր  դին եւ բարձրաձայն ողբացին առանց այդ էլ իրենց որբացած մանկության  համար: Երբ մի փոքր հանգստացան, անծանոթ կինը նրանց մոր վերջին պատվիրանը հաղորդեց.

-Ձեր  հոր տունը շեն կպահեք, բալենիներին տիրություն կանեք ու մարդավարի կմեծանաք: Սա ձեր մոր վերջին ցանկությունն էր:

-Բայց մայրիկը  որտեղի՞ց գիտեր, որ մենք ողջ ենք,- հարցրին տղաները,-մենք դպրոցում հրաշքով ենք փրկվել:

— Երազ էր տեսել: Երազում  ձեր հայրը երկու սերմ էր դրել նրա ձեռքն ու ամուր պահ տվել:

Բարի մարդկանց  օգնությամբ  տղաները  մի կերպ  Խաթուն մայրիկին տուն բերեցին, գոմի դռան շեմի տակից հանեցին բանալին, դուռը բացեցին։ Եղբայրները  մոր հետ վերջին անգամ տուն մտան, որտեղ այլեւս առաջվա կյանքը չէր լինելու։ Բոլորովին նոր կյանք էր սկսվում նրանց համար:

Գյուղում ով զոհ չուներ` հարեւան, բարեկամ, եկան, հոգեհանգիստ արեցին ու մարդավարի թաղեցին Խաթունին․ այդ օրերին մարդավարի թաղումը բավականին նախանձելի երևույթ էր, դագաղով թաղվելը ճոխություն էր համարվում։

***

Այդ օրվանից անցել է  երեսուն տարի: Նույն գյուղն է, բայց ոչ՝ նույն մարդիկ: Չկան այլեւս ռայկոմն ու ռայկոմում աշխատող նախանձելի հարեւանը: Փոխվել են արժեքները: Այն, ինչին բարի նախանձով էին նայում երբեմնի մանկահասակ եղբայրները, այսօր անգամ ծիծաղելի է դարձել։ Փոխվել է գյուղի անցուդարձը: Փողոցներում վխտում են մեքենաները․այսօր անգամ  գյուղում ոչ ոքի չես զարմացնի արտասահմանյան մեքենայով: Շքեղ առանձնատներն աճել են սնկի պես։ Վարպետ Գարուշի ու Խաթուն մայրիկի տունը նույնպես ավելի  շքեղ եւ ներկայանալի է դարձել: Հասունացել են Վաղինակն ու Սեդրակը, բարձրագույն կրթություն, աշխատանք, ընտանիք, զավակներ ունեն։ Գյուղում են ապրում, իրեն գյուղում՝ հսկա դարձած բալենիների կողքին, որոնց արմատներում իրենց արմատներն են, խենթացնող հացի հոտը, կաթի սերը, դաշտից բերած ցորենի բույրը, Խաթուն մայրիկի  տխրամած աչքերն ու Գարուշ հայրիկի չիրականացած երազանքը: Կյանքը չի փոխել նրանց, այդ բարի, աշխատասեր եւ ուղղամիտ  եղբայրներին:   Ամեն  անգամ հիանալով  բալենիների գեղեցիկ ու ստվարախիտ  ճյուղերով, իսկ ամռանը համտեսելով դրանց պարգևած խոշոր, քաղցրահամ  պտուղները՝  Վաղինակի ականջում հնչում է իր  եւ մոր զրույցը.

-Մա՜, մա՜, սերմերդ ծլել են, հողից դուրս է  պրծել կանաչ պզտիկ ցողունը, արի՛ տես:

-…Փառքդ շատ աստված, տղեքս ծլեցին…

 

Լյուդմիլա Մելիքյան

ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ