Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ անվտանգության ուսուցումը շարունակական գործընթաց է

Վարժանքներ․ անվտանգության ուսուցումը շարունակական գործընթաց է

179
Տարածել

Ավարտվեցին նոյեմբեր ամսին Երեւանի եւ մարզերի փրկարար ուժերի մասնակցությամբ ուսումնավարժությունները։ Շաբաթվա առանցքային թեմաներից էր հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում հրդեհաշիջման կազմակերպումը,  մասնավորապես՝   Մասիս ու Վեդի քաղաքների «ՃԵՐՄԱԿ ԵՐԱՄ» եւ «Միրզա»,  Ախուրյանի շրջանի  «ՍԱՄԹՈՄ» գազալցակայաններում, այլուր։  Ձմռանն ընդառաջ որոշ համայնքներում կազմակերպվեցին շտաբային հանդիպում-քննարկումներ ձնաբքի եւ ուժեղ քամիների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման եւ հետեւանքների վերացման մասին, իսկ Սպիտակի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանում անդրադարձ եղավ երկրաշարժին։

Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը «ԲԻԵԼ» փայտամշակման արտադրամասում անցկացրեց հրդեհաշիջման կազմակերպման թեմայով վարժանք։ Հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանի խոսքով՝ տարածքում կան չորացման սենյակներ, պահեստավորված փայտ․ հրդեհի վտանգը մեծ է։ Արտադրամասն ապահովված է առաջնային հրդեհաշիջման միջոցներով, աշխատակիցներն ունեն անվտանգության վերաբերյալ բազային գիտելիքներ։

Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում անցկացված հատուկ տակտիկական ուսումնավարժությունը, Գյումրու ՀՓՋ հրամանտարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Գուրգեն Հովհաննիսյանի հաղորդմամբ, ցույց տվեց, որ դպրոցի անձնակազմը բավական պատրաստված է արտակարգ իրավիճակներին, հատկապես ՝ երկրաշարժին դիմակայելուն։ Զինղեկն անվտանգության հարցերին լրջորեն է վերաբերվում․6 տարհանման ելքերը մշտապես  բաց են, առկա են տարհանման ուղենշաններ, առաջնային հրդեհաշիջման միջոցներ։ Երկհարկանի շենքի նկուղը վատթար վիճակում է, կիսով չափ ջրալցված։ Մի մասնաշենքում տեղակայված են շախմատի դպրոցն ու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը։ Հետեւաբար այս շենքը հատկապես ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Ի պատասխան հարցին՝ արդյոք 1988-ի երկրաշարժը դաս է եղել տեղի բնակչությանը եւ պաշտպանված է արդյոք կրթություն ստացող երեխան, Գուրգեն Հովհաննիսյանը  նշում է․ «Նախորդ տարիների համեմատ՝ դրական տեղաշարժ կա։ Սերունդները փոխվում են, անվտանգության մշակույթ ստեղծելու համար անընդհատ պետք է աշխատանք տանել։ Վերջերս երկրաշարժի վերաբերյալ նոր գրականություն ենք ստացել ու տրամադրել քաղաքապետարանի կրթության բաժնին, որպեսզի դրանք բաժանվեն դպրոցներում։ Սա կօգնի ուսուցիչներին ու աշակերտներին ավելի իրազեկ լինել»։

Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները մասնակցել են «Կապանի  լեռնահարստացման  կոմբինատի վարչական մասնաշենքում փլուզման հետևանքով որոնողափրկարարական  աշխատանքների  եւ անձնակազմի տարհանման կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։

Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վիգեն Օվչյանը կոմբինատի փրկարարների եւ կազմավորումների աշխատանքը գնահատեց բավարար՝ հավելելով, որ թերությունները անհապաղ շտկելու կարիք կա, քանի որ հանքում պայթյունի կամ փլուզման հետեւանքով հաճախ մահվան դեպք է գրանցվում։ Աշխատակիցները հապաղել էին հատկապես պայմանական տուժածի հայտնաբերման եւ առաջին օգնության ցուցաբերման հարցում։ Մյուս կողմից՝ ավագ հրահանգիչը նշեց, որ կոմբինատում անվտանգության պահպանումը խիստ է․ բոլոր աշխատակիցներն ունեն հատուկ սաղավարտներ, ակնոցներ, պետք է մշտապես սթափ վիճակում գտնվեն։ Տնօրինությանը տրամադրվել է մեթոդական օգնություն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ