Գլխավոր Ուսուցողական նյութեր Պիրոմանիա․ հակում դեպի կրակը

Պիրոմանիա․ հակում դեպի կրակը

876
Տարածել

Եթե պիրոֆոբիան վախն է կրակից ու դրան առնչվող ամեն ինչից՝ հրշեջ մեքենաներ եւ այլն, ապա պիրոմանիան կրակի հանդեպ հակումն է:

Երեխաները սիրում են խաղալ լուցկու, մոմի, բաց կրակի հետ, «բզբզել» խարույկը՝ չհասկանալով, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել իրենց հետաքրքրասիրությունը։

Միտումնավոր հրդեհ հրահրելու ցանկությունը՝ պիրոմանիան, հոգեբանական շեղում է, որը դրսեւորվում է հիմնականում անչափահասների շրջանում։ Չափահաս պիրոմաններ էլ են հանդիպում: Բժիշկների կարծիքով՝ նման մարդիկ հիմնականում ցածր ինտելեկտ են ունենում եւ անկարող են լինում դիմակայել առաջնային բնազդին։

Պիրոմանիան պաթոլոգիա է որակվել դեռ 1824 թվականին։ Մտավոր խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության ձեռնարկի (DSM-V) համաձայն՝ գոյություն ունի կլինիկական պիրոմանիայի ախտորոշման համար 6 չափորոշիչ։ Կրակ տեսնելիս պիրոմանն ուրախություն, հաճույք եւ թեթեւություն է զգում։ Նա երբեք չի թաքցնում հրդեհին իր մասնակցությունը, չի վախենում քրեական պատասխանատվությունից։ Ի դեպ, նրա արարքի հիմքում բնավ նյութական շահը կամ հասարակական-քաղաքական ըմբոստությունը չէ։ Պիրոմանը հստակ մարդու թիրախ չի ընտրում, չի ցանկանում վնասել ոչ ոքի, հրդեհի զոհերը պատահական մարդիկ են լինում։

Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի քիչ են հակված պիրոմանիայի, քան տղամարդիկ։ Որոշ մասնագետների դիտարկմամբ՝ այսպիսի վարքագիծն ընդամենը շիզոֆրենիայի եւ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ախտանշաններից է։

Իրական պիրոմանիան հազվադեպ է հանդիպում՝ պնդում է ֆինլանդացի հոգեբույժ Լինա Լինբերգը, որը շրջապատը հրդեհելու հակում ունեցող 600 անհատի է ուսումնասիրել։ Նրանցից 68 տոկոսն ունեցել է վարքագծային շեղումներ, սեր դեպի ալկոհոլը։ Միայն 12 տոկոսն է հրդեհ ստեղծել սթափ եւ գիտակից վիճակում։

19-րդ դարի ֆրանսիացի գիտնական Մարկը պիրոմանիան կապում էր սեռական խնդիրների հետ։ Ավելի ուշ հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը զարգացրեց այս տեսությունը եւ եկավ եզրահանգման, որ հրդեհելու ցանկություն ունենում են հիմնականում պատանիները, որոնք փորձում են ինքնահաստատվել։ Նրանք այս արարքով կարծես մերժում են բնության օրենքները, ցույց տալիս իրենց առավելությունը։

Մանուկ հասակում պիրոմանիայի նախադրյալ կարող է լինել կենդանիների նկատմամբ առանձնակի դաժանությունը, ինչպես եղել է 19-ամյա Դեյվիդ Բերկովիչի դեպքում, որը 1970-ականներին Բրուքլին եւ Քուինս քաղաքներում բռնկված 2000-ից ավելի հրդեհի հեղինակ է։

Պատմության մեջ կան դեպքեր, երբ պիրոմանն աշխատանքի է անցել հրշեջ ծառայությունում՝ այդպիսով հագուրդ տալով կրակի հետ ամեն օր առնչվելու իր ցանկությանը։ Առավել հայտնի է կանադացի կամավոր Լաուսոն Շալմի քրեական գործը․ վերջինս 2016 թ․ազատազրկման է դատապարտվել 10 օրվա ընթացքում 18 խոշոր հրդեհի պատճառ դառնալու համար։

Բուժման ամենաարդյունավետ միջոցը կոգնիտիվ-վարքագծային թերապիան է։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ