Գլխավոր Նորություններ Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

1631
Տարածել

Նոյեմբերի 15-18-ը Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում անցկացվել է  ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ 82 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զորիկ Պողոսյանը։ Կքանիստ, ձգում եւ սեղմում վարժություններում համապատասխանաբար 255 կգ, 240 կգ եւ 105 կգ արդյունքով նա անակնկալի է բերել շատ փորձառու մարզիկների։ Այս հաղթանակին ամենաշատը Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատն էր սպասում, որտեղ Զորիկը մասնագիտական փորձաշրջան է անցնում։

28-ամյա մարզիկը սպորտի վարպետ է, 15 տարի պրոֆեսիոնալ ծանրամարտով է զբաղվել։ Եղել է  Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Աշխարհի առաջնության չորրորդ մրցանակակիր։ 2012 թվականին վնասվածքների պատճառով որոշել է թողնել մեծ սպորտը, սակայն շուտով մտափոխվել։ Ուժային եռամարտում իր առաջին հաստատուն քայլերը նոր հեռանկար բացեցին․  7 ամիսների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Զորիկն արդեն Հայաստանի ազգային հավաքականի կազմում է։

«Բացի ֆիզիկական պատրաստությունից՝ այս սպորտաձևը նաեւ մեծ հոգեբանական ուժ է պահանջում։ Մրցույթից առաջ ուսումնասիրել էի բոլոր մասնակիցների տեխնիկան, թույլ կողմերը։ Առաջին մոտեցումը դժվար կատարեցի․ մրցավարը զգուշացրել էր, որ ուժային եռամարտում ծանրամարտի կանոնները կիրառելի չեն։ Բարեբախտաբար կարողացա ինձ հավաքել։ Նման պահերի հասկանում ես, որ քո թիկունքում հարազատներդ են ու մի ողջ ժողովուրդ, եւ դու պարտավոր ես հաղթել»,- ասում է մարզիկը։

Առաջիկայում Աշխարհի առաջնությունն է։ Թեև Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցի շենքը վթարային է, պայմանները՝ անհարմարավետ, սակայն չեմպիոնի խոսքով՝ կարեւորը կատարելագործվելու ձգտումն է։ Իր հաղթանակը օրինակ կծառայի վանաձորցի ապագա ծանրամարտիկների համար։

Պրոֆեսիոնալ սպորտին զուգահեռ Զորիկն իրեն հոգեհարազատ աշխատանք է գտել։
Շատերն են հիշում՝ ինչպես է նա՝ տակավին 8 տարեկան երեխա, փրկել Փամբակ գետն ընկած փոքրիկին։  «Այս գործը շատ եմ սիրում։ Ամեն հնարավոր բան անում եմ մարդկային կյանք փրկելու համար։  Ամեն օր պատահարներ տեսնելով՝ հոգեբանորեն ավելի եմ կոփվել։ Դրա շնորհիվ հաղթանակ տարա»,- նշում է եռամարտիկը։

Դեկտեմբերի 5-ը վճռորոշ օր է, փրկարար ծառայության անցնելու համար քննության է պատրաստվում։ Նման աշխատանքն արժանապատվորեն վաստակել է պետք։

Հազարավոր հանդիսատեսի ուշադրությանն ու ծափերին սովոր մարզիկը, որքան էլ անսովոր է, նախընտրում է մենակ զբոսնել, կինո հաճախել։ Կատակում է՝ երբեմն նույնիսկ քաղաքական վերլուծություններ է անում, սակայն բանը բանավեճի չի հասնում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ