Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են մարտական նռնակ

Փրկարարները հայտնաբերել են մարտական նռնակ

77
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 200 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի, Լոռու եւ Արարատի մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր

Երեւանի Ազատություն պողոտայի թիվ 11ա շենքի բնակչից ահազանգ է ստացվել, որ 7-րդ հարկում ծծումբի հոտ է զգացվում, ինչից մարդկանց աչքերը մրմռում են։ Դեպքի վայր է մեկնել Երեւանի փրկարարական վարչության ԲՊԱՀՎԿ վարչության քիմիկ-հետախույզ Հ․ Հովհաննիսյանը՝ օդի ախտոտվածության չափումներ իրականացնելու։

Կասկածելի տոպրակ է նկատվել Սայաթ-Նովայի պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկում։ Կենտրոն բաժնի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները տեղում պարզել են, որ խաչմերուկի մոտակայքում գտնվող ճամպրուկը պատկանում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու, որը մոտեցել է և բացել այն։ Ներսում եղել է հագուստ։

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Բյուրեղավան-Արզնի խաչմերուկից դեպի Բյուրեղավան տա­նող ավտոճանապարհի մոտակայքում գտնվող նռնակի մասին։ Հայտնաբերվել է «Ֆ-1» նռնակ՝ մարտական վիճակում։ Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ դեպքի մասին հաղորդել մյուս ծառայություններին։

Արագածոտնի մարզային ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ կորել է Սասունիկ գյուղի 14-ամյա բնակիչ Դ․Գ-ը։ Հաջորդ օրը  հրշեջ-փրկարարները Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտել են  չշահագործվող ավտոմեքենայի մեջ նստած դեռահասին։ Երեխան տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։