Գլխավոր Ուսուցողական նյութեր Դաբաղի հետահայաց ախտորոշումը

Դաբաղի հետահայաց ախտորոշումը

611
Տարածել

Դաբաղը գյուղատնտեսական կենդանիների սուր, վարակիչ, հպավարակային հիվանդություն է, որի բռնկումները արտակարգ իրավիճակներ են ստեղծում ու կաթվածահար անում տնտեսություններին եւ առաջացնում են ահռելի տնտեսական վնասներ:

Անասնաբուժական պրակտիկայում հակադաբաղային միջոցառումներն ընդհանրապես սկսում են իրականացվել հիվանդության կլինիկական նշանների դրսեւորումից հետո: Սակայն հակադաբաղային զանգվածային կանխարգելիչ պատվաստումներից հետո երբեմն նկատվում է դաբաղ հիվանդության քողարկված կամ ենթանշանային ընթացք, որը սովորաբար դուրս է մնում անասնաբույժ մասնագետների տեսադաշտից: Առանձնահատուկ վտանգ է ներկայացնում վարակված կենդանիներից ստացված հումքի ու մթերքի տեղափոխումը տարբեր տարածաշրջաններ եւ երկրներ:

Վարակի գաղտնի շրջանում կամ հիվանդության կլինիկական նշանների ձեւավորման փուլում, վարակի սուբկլինիկական հատվածում սպանդի ենթարկված կենդանական հյուսվածքներում դաբաղի վիրուսն երկար ժամանակ պահպանում է իր վարակակրությունը, որը եւ համաճարակաբանական տեսակետից մեծ վտանգ է ներկայացնում:

Վարակի ստացիոնար-անապահով գոտիներից ներկրված անասունների նկատմամբ սպանդանոցում, սպանդահրապարակում կամ մսամթերքի մշակման ձեռնարկությունում անհրաժեշտ է իրականացնել մանրակրկիտ դիտարկում պարզելու համար նրանց սանիտարական վիճակը:

Համաշխարհային անասնաբուժական պրակտիկան հարուստ է փաստերով, երբ դաբաղի վարակի ծագման եւ հետագա լայն տարածման պատճառ են հանդիսացել վարակված միսը, ոսկորները եւ կենդանական ծագման ուրիշ ենթամթերք ( Անգլիա՝ 1938, 1953, 2001 թվականներ, Հայաստան՝ 1986, Ուկրաինա՝ 1982, Թաթարստան՝ 1986, Լատվիա՝ 1987, Ֆրանսիա եւ Եվրոմիության մի շարք երկրներ՝ 2001 եւ այլն):

Ներկա աշխատանքի նպատակն է պարզել սպանդանոցներում, սպանդահրապարակներում, մսամթերք մշակող ձեռնարկություններում դաբաղի նկատմամբ ապահով տարածաշրջաններից բերված սպանդի ենթակա կենդանիների սանիտարական վիճակը, նրանցից ստացված մթերքների վիճակը եւ որոշել մատակարար տարածաշրջանների տարբեր ժամանակ հակադաբաղային պատվաստման ենթարկված կենդանիների մոտ իմունիտետի լարվածության աստիճանը: Այս հարցի որոշման համար ընտրվել են սպանդ իրականացնող երեք ձեռնարկություն, որոնք գտնվում են հանրապետության տարբեր տարածաշրջաններում եւ ընդգրկում են համապատասխանաբար 26,3,  31,6 եւ 10,5 տոկոս տարածքներ, որոնցով էլ անցնում են ամառային արոտավայրեր տանող հիմնական երթուղիները:

Ընդհանուր առմամբ հետազոտվել է մոտ չորս հազար գլուխ խոշոր, հինգ հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի եւ ավելի քան երկու հազար գլուխ խոզ եւ պարզվել է, որ սպանդի ենթակա կենդանիների մեջ հանդիպել են դաբաղի կլինիկական նշաններին նմանություն ունեցող կենդանիներ (խոշոր եղջերավոր անասունների մոտ 5,4 տոկոսը): Սպանդի ենթարկված կենդանիներից վերցված արյան նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ կենդանիների մոտ գոյություն ունեն վիրուսի Օ տեսակի նկատմամբ բարձր չափաքանակներ (6,5±0,2լոգ2), այն դեպքում, երբ վերջին պատվաստումից անցել է ավելի քան երեք ամիս:

Ախտորոշման ճշտման համար, կենդանիների նշված խմբերից, վերցվել է արյան նմուշներ, կերակրափողա-ըմպանային հատվածից քերվածք եւ ավշային հանգույցներ: Չեզոքացման ռեակցիայով եւ իմունոֆերմենտային վերլուծության մեթոդով հետագա հետազոտությունները, հաստատել են մեր ենթադրությունն, որ կասկածվող կենդանիների մեջ եղել են դաբաղի Օ տեսակի վիրուսով հիվանդ կենդանիներ, քանի որ դաբաղի վիրուսը չեզոքացնող հակամարմինների չափաքանակը 3-4 լոգ.2-ով բարձր է եղել, քան դաբաղի վիրուսի Ա եւ Ասիա 1 տեսակների ( 3,2 ± 0,1; 2,5 ± 0,3) նկատմամբ:

Այսպիսով.

-սպանդանոցները, սպանդահրապարակները եւ մսամթերքի վերամշակման ձեռնարկությունները հանդիսանում են լրացուցիչ մոդել, դաբաղի նկատմամբ զանգվածային պատվաստումներ իրականացնող գոտիներում համաճարակային իրավիճակի նկատմամբ օպերատիվ դիտարկում կատարելու համար, հնարավորություն են տալիս բացահայտելու տնտեսություններում կամ արոտավայրերում դաբաղով հիվանդ կենդանիների առկայությունը;

-կենդանիների կարգավիճակով կարելի է որոշել իրականացված կանխարգելիչ միջոցառման որակը եւ անհրաժեշտության դեպքում մատակարար տարածաշրջանների համար առաջարկություն ներկայացնել լրացուցիչ հակադաբաղային միջոցառումներ իրականացնելու համար;

-դաբաղով հիվանդ կենդանիների փաստի դեպքում արգելել նրանցից ստացված մթերքը եւ հումքը արտահանել այլ տարածաշրջաններ:

Իրականացված հետազոտությունների հիման վրա անհրաժեշտ է անապահով տարածաշրջաններում մշտապես կլինիկական զննության ենթարկել սպանդանոցներ, սպանդահրապարակներ եւ մսի վերամշակման ձեռնարկություններ ուղարկվող անասնագլխաքանակը, բացառելու համար մսեղիքի եւ կենդանական ծագման ենթամթերքի միջոցով դաբաղի հետագա տարածումը:

Հրապարակման առաջին մասը՝ այստեղ

Հրապարակումը պատրաստվել է Արախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության Շուշիի տեխնոլոգիական համալսարանի սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոնի գիտնականներ Ն. Փանյանի, Ֆ. Իսկանդարյանի, Վ. Հակոբյանի, Հ. Ոսկանյանի «Դաբաղի հետահայաց ախտորոշումը» հոդվածի հիման վրա