Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-2

Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-2

628
Տարածել

Շնչուղիների խցանման դեպքում հարկ է առավելագույն կարճ ժամանակում վերականգնել շնչուղիների անցանելիությունը: Անհրաժեշտ է վայրկյան առաջ հասնել օգնության եւ միաժամանակ ահազանգել արագ արձագանքման ծառայություններ: Առաջին օգնության տարածված ձեւերից մեկը որովայնի հրումներն են (Հեմլիչի մեթոդը՝ այն հայտնաբերած վիրաբույժ Հենրի Հեմլիչի անունով):

Որովայնի հրումներ (Հեմլիչի մեթոդ)

Որովայնի վրա մեծ ճնշմամբ ստանում ենք ճնշման կտրուկ աճ թոքերում եւ շնչուղիներում` օդը մեծ արագու թյամբ եւ ուժով դուրս է գալիս թոքերից՝ իր հետ դուրս մղելով «խցանը»` օտար մարմինը: Որովայնի հրումը հիշեցնում է շամպայնի գազի ճնշման տակ շշից խցանի դուրս թռչելը: Գիտակից տուժածին որովայնի հրումներ անելու համար անհրաժեշտ է կանգնել նրա ետեւում, գրկել իրանը, մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դնել տուժածի որովայնին` պորտի մոտ, մյուս ձեռքով բռնել այդ բռունցքը եւ մեծ ուժով կատարել դեպի վեր եւ ներս ուղղված կտրուկ ու արագ հրումներ: Այս ամենը շարունակել այնքան, մինչեւ օտար մարմինը դուրս գա շնչուղիներից: Տուժածը կարող է լինել թե նստած եւ թե պառկած: Եթե տուժածը դուք եք եւ մոտակայքում մարդ չկա, ինքներդ ձեր որովայնի հրումներ կատարեք: Ձեր մի բռունցքը դրեք որովայնի վրա՝ վերը նշված տեղում, մյուս բռունցքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարվածեք ձեր բռունցքին: Կարելի է որովայնի վրա ճնշում գործադրել՝ ամբողջ իրանով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակ, լվացարան եւ այլն) հենվելու միջոցով: Չի կարելի հենվել առարկաների սուր անկյուններին ու եզրե րին: Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, նրան պառկեցրեք մեջքի վրա՝ որեւէ պինդ, հարթ մակերեսի, նստեք տուժածի ազդրերին՝ ծնկներով հենվելով գետնին, տուժածի ազդրերը պետք է լինեն ձեր ծնկների միջեւ: Մի ձեռքի ափը դրեք տուժածի որովայնին՝ պորտի մոտ, մյուս ձեռքը դրեք առաջինի վրա ու կատարեք դեպի ներքեւ եւ առաջ ուղղված կտրուկ հրումներ: Ձեռքերի մատները պետք է ուղղված լինեն տուժածի գլխի կողմը:

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: