Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Կատարելագործվում է փրկարարների հետ համագործակցությունը

Վարժանքներ․ Կատարելագործվում է փրկարարների հետ համագործակցությունը

316
Տարածել

Շարունակվում են Երեւանի եւ մարզերի ուսումնական եւ բժշկական հաստատություններում, հատուկ նշանակության օբյեկտներում անցկացվող ուսումնավարժությունները։

Փարպիի մարզադպրոցում փրկարար ուժերի հերթական վարժանքը հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով էր։ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանի խոսքով՝ մարզադպրոցը փրկարարների հետ ամենաաակտիվ համագործակցող կառույցներից է։ Տարբեր տարիքային խմբի երեխաների հետ պարբերաբար տարվում են բացատրական աշխատանքներ, որպեսզի վերջիններս արտակարգ իրավիճակներին ավելի լուրջ վերաբերվեն եւ իրենց գիտելիքը փոխանցեն մյուսներին։

Արթիկի թիվ 2 նախադպրոցական հաստատությունում անցկացվեց «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատությունում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ «Երկու տարի առաջ այս նախակրթականը բավական տուժել էր սելավից, ջուրը կիսով չափ լցվել էր առաջին հարկը։ Երեխաների տարհանումը միասնական կերպով չէր կազմակերպվել, տնօրինության հետ շրջեցինք ամբողջ դպրոցով, ստուգեցինք փակ պահարանները՝ հնարավոր տուժածներին հայտնաբերելու համար։ Բարեբախտաբար տուժածներ չունեինք»,- վերհիշեց Արթիկի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արսեն Ադամյանը։

Արտակարգ դեպքից հետո Արթիկի նախակրթարանը, որը տարածաշրջանում ամենածանրաբեռնված ուսումնական հաստատություններից է, մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում։ Աշխատակազմի հետ պարբերաբար տարվում են բացատրական աշխատանքներ, ստուգվում է տարհանման ելքերի հասանելիությունը, առաջնային հրդեհաշիջման միջոցների վիճակը։ Բոլորը՝ տնօրենից մինչեւ խոհարար, ունի հստակեցված գործառույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար։

Մասիսի բժշկական կենտրոնում անցկացված օբյեկտային վարժանքը վերաբերում էր արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնության տրամադրմանը։

Արարատի մարզային փրկարարական վարչության Բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գեւորգ Թեմուրյանը մանրամասնեց՝ քննարկման ժամանակ առաջնահերթ կարեւորվել են կենտրոնի շենքային պայմանները։ Կենտրոնի սպասարկման տարածքը մեծ է՝ Մասիս քաղաքն ու հարակից 26 գյուղ: Բուժկենտրոնն ունի կազմավորումներ, որոնց վարժանքի ժամանակ բացատրվել են իրենց առջեւ դրված խնդիրները։

Գեւորգ Թեմուրյանն ուրախությամբ հավելեց, որ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում լավագույն ձեռքբերումներից մեկը վերջերս կենտրոնին տրամադրված երկու շտապօգնության մեքենաներն են՝ տեխնիկապես եւ բժշկական պարագաներով հագեցած։ Դրանք կկարողանան քաղաքին կապել այն հեռավոր համայնքները, որոնք մինչ վերջերս պատշաճ շտապօգնության ծառայությունից օգտվելու հնարավորություն չունեին։

Շաբաթվա ընթացքում ուշադրությունից չվրիպեցին նաեւ հատուկ խնամքի կենտրոնները։ Երեւանի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք։

Իրականացվեց խնամքի կենտրոնի աշխատակիցների եւ հիվանդների տարհանում։ Նպատակն էր կատարելագործել խնամքի կենտրոնի եւ փրկարար ծառայության միջեւ փոխհամագործակցությունը:

Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպման եւ հետեւանքների վերացման թեմայով շտաբային ուսումնավարժություն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Իսկ Արարատի մարզի Դաշտաքար համայնքում անցկացվեց քննարկում համաճարակի հանգեցնող ինֆեկցիոն հիվանդության դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները