Գլխավոր Ուսուցողական նյութեր Որպեսզի բացառվեն դաբաղի ծագման դեպքերը

Որպեսզի բացառվեն դաբաղի ծագման դեպքերը

543
Տարածել

Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ծագումը եւ տարածումը կոնկրետ երկրներում կամ տարածաշրջաններում համաճարակաբանական եւ տնտեսական առումներով  արտակարգ իրավիճակ է ստեղծում, որի ժամանակ բացի կենդանական ծագման մթերքի օգտագործման սահմանափակումից տեղի է ունենում նաեւ միջտարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների խանգարում:

Դաբաղը  երկկճղակ կենդանիների սուր վարակիչ, բարձր ախտածին, հպավարակային հիվանդություն է, որն ընթանում է որոշակի պարբերականությամբ, որի դեպքում մարսողական ուղիների լորձաթաղանթի վրա եւ մաշկի այն հատվածներում , որոնք պատված չեն մազերով,  արձանագրվում են բնորոշ բշտեր եւ խոցեր: Արտակարգ դեպքերում դաբաղով հիվանդանում են նաեւ այլ կենդանատեսակները եւ մարդը:

Դաբաղը տարածված է ամբողջ աշխարհում: Միայն շատ քիչ երկրներ կան ամբողջությամբ զերծ այդ վարակից: Օրինակ Նոր Զելանդիայում երբեք դաբաղ չի արձանագրվել, իսկ Ավստրալիայում վերջին անգամ արձանագրվել է 1872 թվականին: Այս եւ այլ երկրներում դաբաղի բացակայությունը  պայմանավորված է աշխարհագրական պայմաններով: Ի հավելումն երկրները պաշտպանվում են վարակի թափանցումից եւ տարածումից մի շարք խստագույն սահմանափակող միջոցառումներով:

Հատկապես Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի ընդարձակ տարածքներում դաբաղ հիվանդությունը հանդիպում է համաճարակների ձեւով: Դաբաղի վիրուսն ունի 7 տեսակ: Յուրաքանչյուր տեսակ ունի բազմաթիվ ենթատեսակներ, որոնք իրենց հակածնային եւ հակամարմնային առանձնահատկություններով խիստ տարբերվում են միմյանցից: Դաբաղ հիվանդության նկատմամբ ամենազգայունակ կենդանիները խոշոր եղջերավոր կենդանիներն են, խոզերը, ոչխարները, այծերը:

Վարակի աղբյուրը հիվանդ կենդանին է, հիվանդության սուր ընթաքի փուլում: Կենդանական բոլոր արտազատուկները՝ մեզը, կղանքը, կաթը, քթային եւ այլն արտազատուկները վարակունակ են 4-5 օր, իսկ թուքը 11 օր: Դաբաղի վիրուսի բարձր ախտածնության արդյունքում համաճարակը կարող է հեշտությամբ տարածվել հարուցիչի չնչին քանակության մեխանիկական փոխանցման շնորհիվ, կպչելով նյութերին կամ վարակի միջանկյալ տերերին: Վարակի տարածմանը նպաստում են նաեւ ժամանակակից փոխադրամիջոցները ավտոմեքենա, գնացք, ինքնաթիռ, նավեր եւ այլն: Դաբաղի վարակի տարածմանը նպաստում է նաեւ մարդը, քանի որ, նա ամենից հաճախ շփվում է երկսմբակ կենդանիների հետ եւ հնարավորություն ունի մեծ տարածություններ անցնել կարճ ժամանակամիջոցում: Կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, վիրուսը կտարածվի ֆերմայում աշխատող մարդկանց՝ կաթ փոխադրող ավտոմեքենաների, արհեստական սերմնավորում իրականացնող մասնագետների, մսագործների, ամորձատողների եւ գնորդների  միջոցով:

Հեռագնա արոտավայրեր օգտագործող երկրներում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, մի շարք արոտավայրեր սահմանակից են հարեւան երկրներին եւ այդ արոտավայր տանող երթուղիներում, արոտներում, ջրելատեղերում գյուղատնտեսական կենդանիների սերտ շփվում են հարեւան երկրների անասունների հետ ու մեծանում է վարակի տարածման ռիսկը:

Հանրապետության մարզերում ներկայացված դաբաղի նկատմամբ զգայունակ գյուղատնտեսական կենդանիների քանակը հիմնականում չի համապատասխանում իրական թվերին: 2012 և 2013  թվականներին պատվաստումների իրականացման ժամանակ 4 մարզերի մանր եղջերավոր անասուններ հակադաբաղային պատվաստման չեն ենթարկվել, ինչն ունեցել է իր անցանկալի դրսևորումները համաճարակաբանական գործընթացում: 2012  թվականի փետրվարին գյուղատնտեսական կենդանիներին գարնանային հակադաբաղային պատվաստման համար Հայաստանի Հանրապետություն է ներկրվել պատվաստանյութ, որի կիրառումից հետո ունեցել ենք հետեւյալ պատկերը:

Հայաստանի Հանրապետության 10 մարզի 54 համայնքի եւ Արցախի հանրապետության 6 տարածաշրջանի 19 համայնքի  2200 գլուխ խոշոր եւ 487 գլուխ մանր եղջերավոր անասուններից վերցված արյան նմուշներից գրեթե 25 տոկոսում հայտնաբերվել են դաբաղ հիվանդության վիրուսներ: Ստացվում է, որ չնայած հանրապետությունում իրականացվող հակադաբաղային կանխարգելիչ պատվաստումներին, դեռեւս որոշ համայնքներում երբեմն արձանագրվում են դաբաղ հիվանդության դեպքեր, որը բացասաբար է անդրադառնում մեր երկրի հեղինակության վրա, ուստի անհրաժեշտ է հակադաբաղային  կանխարգելիչ  միջոցառումները  իրակացնելու ժամանակ հաշվի առնել թվարկած բացասական գործոնները, որպեսզի բացառվեն հիվանդության ծագման դեպքերը:

Հրապարակումը պատրաստվել է Արախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության Շուշիի տեխնոլոգիական համալսարանի սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոնի գիտնականներ Ն. Փանյանի, Ֆ. Իսկանդարյանի, Վ. Հակոբյանի, Հ. Ոսկանյանի «Գյուղատնտեսական կենդանիների դաբաղի մասին» հոդվածի հիման վրա