Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները թակարդից ազատել են արջին

Հրշեջ-փրկարարները թակարդից ազատել են արջին

97
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանի եւ Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շիրազի փողոցում մի քաղաքացի բարձրացել է ավտոտնակի տանիք, ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն իջնել: Հրշեջ-փրկարարները 37-ամյա տղամարդուն իջեցրել են ավտոտնակի տանիքից եւ տեղափոխել բնակարան: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում օգնություն են ցուցաբերել: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, որ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի երկհարկանի շինության նկուղային տարածքը անհայտ աղբյուրից ջրալցվում է,  ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները նկուղային տարածքից հեռացրել են մոտ 3 տոննա ջուր:

Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կարբի  գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում արջն ընկել է թակարդը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Երեւանի Կենդանաբանական աշխատակիցները արջին քնեցրել են, փրկարարների հետ միասին դուրս են բերել թակարդից եւ տեղափոխել անվտանգ տարածք: