Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Երեխաների անվտանգությունն առաջին պլանում է

Վարժանքներ․ Երեխաների անվտանգությունն առաջին պլանում է

869
Տարածել

Երեւանում եւ մարզերում մեկնարկել են նոյեմբերյան վարժանքները։ Մարզերում ձյան տեղումների հավանականությամբ պայմանավորված՝ ուշադրության կենտրոնում է փրկարար ստորաբաժանումների եւ ճանապարհաշինական ընկերությունների համագործակցությունը ձյան պատճառով ավտոճանապարհներին հնարավոր արգելափակումների հարցում։

Սեւանի «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում այս շաբաթ անցկացվեց հերթական վարժանքը։ Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Էվելինա Խաչատրյանի խոսքով՝ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել մանկապարտեզի պահեստային մասում։ Տեղանքի ընտրությունը պատահական չէր, քանի որ փայտե կառուցատարրերով պահեստը գտնվում է շինության ներսում, եւ հրդեհի դեպքում կրակը կարող է տարածվել՝ ծխապատելով ամբողջ շենքը։ Ըստ սցենարի՝ վարժանքին ներգրավվել է ծխահարված տուժած, որին փրկարարները պատգարակով դուրս են բերել անվտանգ գոտի։ «Շենքը շատ հին է․ խարխլված դռները, պատուհանները, տանիքն ու պատերը նորոգման կարիք ունեն։ Մսուրային եւ նախադպրոցական տարիքի մոտ 120 երեխա է հաճախում այս մանկապարտեզ։ Տնօրինությունը շատ է կարեւորում անվտանգության հարցը։ Վարժանքից հետո խորհուրդներ ենք տվել տարհանման պլան կազմելու վերաբերյալ»,- մանրամասնեց հրամանատարը։

Իսկ Մարալիկի մանկապարտեզում վարժանքը հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով էր։ Կատարվել է սաների եւ անձնակազմի տարհանում, որից հետո ներկաներին բացատրվել են հրդեհի առաջացման պատճառներն ու հրշեջ տեխնիկայի կիրառությունը։ Անիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Արտավազդ Գրիգորյանը նշեց՝ երիտասարդ տնօրենը երեխաներին հաճախ է բերում հրշեջ -ջոկատ, նույնիսկ անձամբ է մարտական հագուստը փորձել, որպեսզի փոքրիկներն ավելի հետաքրքրվեն փրկարարների աշխատանքով։ Փոխարենը հրամանատարը նրանց թեմատիկ դրոշմանիշներ եւ էջանիշներ է նվիրել։ «Մանկապարտեզը մինչ մյուս սեպտեմբեր հիմնանորոգվելու է, արդեն իսկ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Լիահույս ենք, որ նոր շենքը հակահրդեհային միջոցների համալիր կունենա, եւ երեխաների առօրյան ավելի ապահով կլինի»,- ասաց Արտավազդ Գրիգորյանը։

«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը էներգետիկական հիմնարկում» թեմայով վարժանք անցկացվեց «ՀԷՑ» ընկերության «Ղարս» մասնաճյուղում։ Ըստ սցենարի՝ յուղի արտահոսք է տեղի ունեցել «Արցախ» 110/10/10 ԿՎ ենթակայանի տրանսֆորմատորներից մեկում, ինչից առաջացել է հրդեհ։ Գյումրու ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Գուրգեն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ հատուկ նշանակության օբյեկտներում փրկարարական վարժանքները կարեւոր են, քանի որ գործողությունների հստակ հաջորդականություն է անհրաժեշտ՝ տարածքի հոսանքազրկոււմ, փրկարարական աշխատանքների իրականացման թույլտվություն, փրփրահեղուկով հրդեհաշիջում եւ այլն։ Թեեւ ենթակայանը բնակելի հատվածից հեռու է, սակայն բարձր լարման պատճառով հրդեհի հավանականությունը մեծ է։ Կրակից կարող են բռնկվել ենթակայանի երկու տրանսֆորմատորներն ու մեխանիզացիայի ղեկավարման սենյակը։ Նման վտանգները կանխելու համար ընկերության աշխատակիցներն ու ջոկատի փրկարարները պարբերաբար կիսվում են փորձով եւ տեղեկություներով։

Շաբաթվա ընթացքում վարժանքներ են անցկացվել նաեւ Աշոցքի մարզամշակութային կենտրոնում, Երեւանի թիվ 181 հիմնական դպրոցում, այլուր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ