Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարար Հունան Գրիգորյանի առօրյա հրաշքները

Փրկարար Հունան Գրիգորյանի առօրյա հրաշքները

1115
Տարածել

1980-ականներին ամերիկացի աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդի «Մահացու սղոց» հնարքը, որի դիմաց նա 1 միլիարդ դոլար է վաստակել, թերեւս այսօր նույն հաջողությունը չունենար։ Ժամանակակից տեխնոլոգիաների խելահեղ զարգացման այս շրջանում զարմացնելը դժվար է, սակայն ոչ անհնար։

Աճպարարությունը 26-ամյա հրշեջ-փրկարար Հունան Գրիգորյանի համար մանկական հետաքրքրությունից դարձել է սիրելի հոբբի։ Նա կարողանում է դատարկ վանդակից նապաստակ դուրս բերել, առանց հարմարանքի շշից հյութ խմել, հասարակ թուղթը վերածել թղթադրամի, իսկ թաշկինակը՝ երկաթե ձողի։ Երիտասարդի տարերքը, սակայն, խաղաքարտերն են։ «Ամեն հնարք իր դժվարությունն ունի, երկար աշխատանք ու համբերություն է պետք։ Վնասվելու վտանգ էլ կա, օրինակ, ածելիների դեպքում։ Միակ գաղտնիքը ձեռքերի ճարպկության մեջ է»,- ասում է Հունանը։

Փրկարարի խոսքով՝ երեխաներն ավելի ընկալունակ են, աճպարարությունը նրանց հեշտությամբ է տրվում, սակայն ցանկության դեպքում բոլորը կարող են փորձել՝ անկախ տարիքից։ Հնարքները համացանցից է գտնում։ Դրանց գաղտնիքը բացահայտելու համար օգտատերերը երբեմն մեծ գումար են պահանջում։ Սկսնակ մասնագետը երկու երազանք ունի՝ կրկնել ամերիկյան աճպարարության վետերան Լանս Բըրթոնի աղավնիներով հնարքը (Lance Burton. աղավնի են դառնում ձեռնոցը, այրվող ծխախոտը, մոմը) եւ հանդիպել «Ամերիկայի տաղանդ» հեռուստաշոուի հաղթող, չինացի աճպարար Շին Լիմին (Shin Lim. հնարքներ խաղաքարտերով)։

Երիտասարդի կարողություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նա նաեւ ֆուտբոլիստ է, Արարատ քաղաքի մինի ֆուտբոլային թիմերից մեկի հիմնադիրը, իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի երկրպագու։ Սպորտը հրշեջ-փրկարարի համար լիցքաթափվելու եւ լավ մարզավիճակում մնալու լավագույն միջոցն է: Հայկական ֆուտբոլի ապագայի մասին խորհելիս Հունանը բորբոքվում է ու նշում՝ ֆուտբոլում անձնական ամբիցիաներ չկան, հաղթելու համար թիմային խաղ է պետք։

2013 թվականից Հունանը ծառայում է Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում։ Ժպիտով ասում է՝ միշտ «առաջնագծում» է, ոչնչից չի վախենում, թեպետ փորձանքը կանխատեսել չես կարող։ Փրկարար ծառայությունը նրան իսկական ընկերներ է տվել, սովորեցրել հոգ տանել դիմացինի մասին։ Ընկերներն էլ Հունանի կենսուրախությունն են սիրում․ հերթապահության նույնիսկ ամենածանր օրը հումորի իր բաժինն ունի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատողներից շատերը հետաքրքիր հոբիներ ունեն: Մասնավորաբար

Ճգնաժամային կառավարմանպետական ակադեմիայի դասախոս Սեդրակ Ներսիսյանը նամականիշներ է հավաքում եւ ստեղծում։

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը ազատ ժամանակը տրամադրում է ժանյակագործությանը, ասեղնագործությանը, հելունագործությանը, շյուղագործությանը, հագուստի մոդելավորմանը:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հաշվապահ Քրիստինե Առաքելյանի ձեռագործ տիկնիկներ է պատրաստում: