Գլխավոր Վերլուծություն Սեւանա լիճը՝ պատմական հանելուկ

Սեւանա լիճը՝ պատմական հանելուկ

732
Տարածել

Սեւանա լճում նավաշինությունը դարերի պատմություն ունի: Գաղտնիք չէ, որ հայ արհեստավորները կայմի պատրաստման եւ դարբնային աշխատանքներում լավագույնն են եղել:

Սեւանա լճում նավատորմ հիմնելու գաղափարը կապվում է ծովակալ Երվանդ Գասպարյանի անվան հետ, որը 1921 թվականին Խորհրդային Հայաստան էր ժամանել Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով: Երեւանում նրան ցույց էին տվել «Գեղանուշ» նավը, որը բերվել էր Պետերբուրգից Առաջին աշխարհամարտի տարիներին։ «Գեղանուշի» նավապետը Սեւանի տարածաշրջանից 12 երիտասարդներ էր ընտրել եւ նավաշինության արհեստը սովորեցրել։ Նրանց առաջին աշխատանքը «Լուկաշին» նավն էր։

Գասպարյանի նպատակներն ավելի հեռուն էին գնում՝ զարկ տալ կանոնավոր նավագնացությանը, ինչի շնորհիվ ափամերձ շրջանները, կղզում տեղակայված գիտական կայանը եւ հյուրանոցները սերտ կապի մեջ կլինեին։ Այդ տարիներին Սեւանա լճի ափերին կառուցվեց նավարկության համար հարմարավետ ինժեներական մի քանի նավամատույց։ Գասպարյանի ջանքերով 1930-ականներին Սեւանա լճում նավարկել սկսեցին արագընթաց մոտորանավակներ, «Համբարձումյան», «Կոմսոմոլեց», «Կոմունիստ» եւ «Միկոյան» բեռնափոխադրող նավերը։ 1934 թվականին հայկական մեքենաշինական գործարանում կառուցվեց 1230 տոննա տարողությամբ շոգենավ։

Ծովակալը կարեւորում  էր հատկապես Սեւանա լճի ռեսուրսների ճիշտ օգտագործումը, նրա նպատակներից էր իշխանի գլխաքանակի կտրուկ ավելացումը։ Այդ նպատակով Սեւանի խնդրով զբաղվող պետական-վարչական կառույցներ էին գործում։

Մեր օրերում Սեւանա լիճը շարունակում է հանելուկ մնալ հայ եւ օտարերկրացի սուզորդների համար։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի խոսքով՝ երեք տարի առաջ  «Այաս»  ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզական դեպարտամենտի նախագահ Ռաֆայել Մկրտչյանն Արտանիշի մոտակայքում  9 մետր խորությունից գտել է «հայկական Տիտանիկը»՝  «Լուկաշին» նավը, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանոնավոր ուղեւորաբեռնափոխադրումներ էր կատարում Սեւանա լճով։ Թերթավոր նավային պողպատից պատրաստված կառույցը երբեմն ալիքների միջից երեւան է գալիս․ պահպանվել են կողային լուսացույցները, նավավարի խցիկի դուռը։

Ռաֆայել Մկրտչյանը Շորժայի տարածքում ստորջրյա քաղաք է հայտնաբերել։ Արժեքավոր գտածոները՝ պղնձե ձուլամանը, կենդանակերպ նախշազարդերով քանդակները, սրբատաշ քարերը, բիզոնի ոսկորները, պատմության նոր էջ են բացում։

15-րդ դարում հայկական նավաշինության լավագույն նմուշներից է ջրասուզակ Վահե Մելքոնյանի հայտնաբերած «Վահե-1» նավը՝ 10 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ։ Արտակ Էլմասակյանը նշում է՝ նման նավ պատվիրելու համար ժամանակին Պետրոս Առաջինը Ֆինլանդիա է գնացել, այնինչ հայերն այդ գործում արդեն հմուտ էին։

Հետաքրքրության են արժանի նաեւ Ծովազարդ գյուղի ստորջրյա քարանձավերը եւ Հանրապետական ուսումնամարզական առագաստանավային բազայի մատույցներում հայտնաբերված ստորջրյա ճեղքվածքը, որը երկրաբանական խզվածք է հիշեցնում։

Սեւանա լճում ուսումնասիրություն կատարող ջրասուզակային խմբերն այժմ փնտրում են 1941 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի օդային սահմանը հատած գերմանական  հետախուզական ինքնաթիռը, որը, ականատեսների պատմելով, պտտվել է Սեւանա լճի «գլխավերեւում» եւ ենթադրաբար հարկադիր վայրէջք կատարել։

«Խորտակված նավերի եւ այլ գտածոների կոորդինատները գաղտնի են պահվում, քանի որ թալանի վտանգ կա։ Եթե օրինական պետական արշավախումբ լինի, որը կցանկանա ուսումնասիրություն կատարել, սիրով կհամագործակցենք»,- ասում է Արտակ Էլմասակյանը։

Չնայած լճի հետ կապված բազմաթիվ առեղծվածային պատմություններին՝ աղտոտվածությունը ջրային տուրիզմի զարգացման մեծագույն խոչընդոտներից է։  Խնդիրն առաջացել է դեռ 1970-ականներին․ Սեւանա լիճ թափվող գետերի ափերին ապրող ադրբեջանցիներն իրենց գոմերը գետերին կից էին կառուցում եւ գոմաղբը լցնում ջրի մեջ։ Աստիճանաբար ջրի մակարդակի իջեցման եւ ճառագայթային ֆոնի ավելացման հետեւանքով լիճը սկսել ճահճակալել, նեխել։ Սա լուրջ պատճառ է, որ զբոսաշրջիկները հրաժարվեն սուզվելուց։

Հայ ջրասուզակներն ամեն տարի սրտացավորեն մաքրում են լիճը, բայց այսկերպ հարցը չի լուծվի։ Հատուկ պահպանվող տարածքների խնամքի եւ անվտանգության հարցը վերանայման կարիք ունի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ