Գլխավոր Վերլուծություն ԱԻՆ աշխատակիցները հաշմանդամային սպորտում առաջատար են

ԱԻՆ աշխատակիցները հաշմանդամային սպորտում առաջատար են

219
Տարածել

Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Վերջերս Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի եւ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիաների համատեղ ջանքերով անցկացվեց սեղմում հենարանից սպորտաձեւի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից ժամանած 40 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ։  Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության բոլոր աշխատակիցները՝ Սեւակ Մխիթարյանը, Հովհաննես Խզմալյանը, Հարություն Մխիթարյանը, Սարգիս Միրիբյանը, Հովհաննես Ավանեսյանը, Գոհար Նավասարդյանն ու Գրետա Վարդանյանը, արժանացան մրցանակային տեղերի, իսկ Հարությունը հաղթող դարձավ բացարձակ քաշային կարգում։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝  սպորտային կառույց հիմնելու գաղափարը ծնվել  է դեռ  2014 թվականին, երբ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացավ։ Պատահարից  հետո սկսեց բազկամարտով զբաղվել եւ հասկացավ, որ հաշմանդամային սպորտը ցածր մակարդակում է։ «Նախկինում սպորտային մրցումներ անցկացրել են թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ պետական կառույցները, սակայն՝ խախտումներով։ Օրինակ՝ քաշային կարգերի կրճատման հետեւանքով մարզիկները մրցել են անհավասար պայմաններում, կամ դասակարգող հանձնաժողովն ինչ-ինչ պատճառներով մերժել է մասնակցության հայտը։ Զինհաշմանդամ ընկերներիս եւ համախոհներիս հետ հիմնեցինք ֆեդերացիան, որպեսզի հնարավորություն տանք հաշմանդամություն ունեցողներին լիարժեք դրսեւորվել»,- ասում է Սարգիս Ստեփանյանը։

Սեղմում հենարանից սպորտաձեւի Հայաստանի առաջնությունն անցկացվել  է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Առաջիկայում նախատեսվում է բազկամարտի Հայաստանի առաջնություն։ Ֆեդերացիայի նախագահը համոզված է՝ հաշմանդամային սպորտում լուրջ փոփոխություններ են լինելու։

Գոհար Նավասարդյանը, որը նախկինում գրեթե 10 սպորտաձեւով է զբաղվել, ժպիտով նշում է՝ ծանրամարտում երբեք իրեն չի պատկերացրել, սակայն վարակվել է մյուս մարզիկների ոգեւորությամբ։ Ֆեդերացիայի հարմարեցված մարզասրահում հաճախակի պարապմունքները սովորեցրել են ծանրաձողն իրեն ենթարկել։ Պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվելու հեռանկարն արդեն իրական է թվում։

Ծանրամարտում բացարձակ հաղթող Հարությունը Մխիթարյանը նաեւ պրոֆեսիոնալ բազկամարտիկ է։ Միակ ցանկությունն է, որ  այս սպորտաձեւը պարաօլիմպիկ դառնա։

Իսկ մինչ այդ հայ մարզիկները մասնակցում են միջազգային այլ առաջնությունների:

Մանրամասները՝ առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ