Գլխավոր Վերլուծություն Նամականիշը՝ կամուրջ մշակույթների միջեւ

Նամականիշը՝ կամուրջ մշակույթների միջեւ

627
Տարածել

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Հոկտեմբերի 25-27-ը Երեւանի պատմության թանգանում կցուցադրվեն նամականիշների հավաքածուներ: Ցուցահանդեսում ներկայացված է նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, տեխնիկական գիտությունների դոցենտ Սեդրակ Ներսիսյանի՝Հայաստանի եւ Արցախի նամականիշների հավաքածուն։

Սեդրակ Ներսիսյանը 50 տարուց ավելի նամականիշներ է հավաքում եւ լավագույնս տեղյակ է հայկական նամականիշների «էվոլյուցիային»՝խորհրդային ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Լինելով Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ եւ աշխարհում մաքսիմոֆիլիայի գծով Հայաստանի ներկայացուցիչը՝Սեդրակ Ներսիսյանը մի շարք հավաքածուներ է ցուցադրել տարբեր երկրներում, արժանացել մեդալների։ «Թեեւ նամականիշների վաճառքն ամբողջ աշխարհում անկում է ապրում, սակայն դրանց հանդեպ հետաքրքրությունը երբեք չի մարի։ Նամականիշը պետության դեմքն է երկրի ղեկավարները պաշտոնական այցերի ժամանակ սովորաբար իրենց հետ նամականիշների ալբոմներ են տանում։ 1990-ականներին գրոսմայստեր Անատոլի Կարպովը Հայաստանում անցկացված մրցաշարում հաղթելուց հետո հրաժարվել էր դրամական պարգեւից եւ  փոխարենը խնդրել շախմատի պատկերով բոլոր նամականիշները»,- նշում է հավաքորդը։

Նրա խոսքով՝  քարտ մաքսիմումների հավաքածու ստեղծելը տարիների աշխատանք եւ մեծ ծախս  է պահանջում։ Երեք բաղադրիչի համադրություն է պետք՝ բացիկ, նամականիշ եւ կնիք։ Հատկապես բացառիկ է կնիքը, որը մեկ անգամից ավելի չի արտադրվում։Նամականիշները գտնում է Վերնիսաժից,  օնլայն խանութներից կամ արտերկրում ապրող իր ընկերներից։ Գները տարբեր են: Վերջերս Ֆրանցիսկո Գոյայի «Մերկ Մախա»-ի պատկերով նամականիշի դիմաց 100 դոլար է վճարել։ Պատմությանը հայտնի բազմաթիվ արժեքավոր նմուշներ կան, որոնք իսկական «կռվախնձոր» են հավաքորդների միջեւ։Օրինակ՝ 1840 թվականին Անգլիայում թողարկված աշխարհի առաջին ստանդարտ տիպի նամականիշը՝  «Սեւ պենին», որի մեծ տպաքանակ տեղափոխող նավը ժամանակին խորտակվել է, իսկ պահպանված մնացորդներն այսօր հսկայական կարողություն արժեն։ Միայն 2009 թվականին «Սոթբիս» աճուրդի տանը ներկայացված «Սեւ պենին» գնահատվել է 20 625 եվրո։

«Հայաստանում մոտ 40 ֆիլատելիստ կա, ամեն մեկն իր յուրահատուկ թեմատիկան ունի։ Իմ առաջին ընկերը հույն Մարգարիտա Կատապուլին էր, որը միջազգային ցուցահանդեսների ոսկե մեդալակիր էր։ Նրա օգնությամբ ստեղծեցի Հունաստանի նամականիշների հավաքածուն, այժմ պատրաստ է նորը՝ նվիրված Լեհաստանին։Նախորդ տարի ցուցադրվեցին նաեւ Այվազովսկուն նվիրված նամականիշներս»,- մանրամասնում է Սեդրակ Ներսիսյանը, որը ոչմիայն հավաքում, այլեւ սեփական նամականիշներն է ստեղծում՝«Հայկական բնաշխարհ» եւ «Հայաստանի կենդանական աշխարհը» խորագրերով։ Սա եւս մեկ միջոց է աշխարհին Հայաստանի պատմությանը հաղորդ դարձնելու  համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ