Գլխավոր Վերլուծություն Անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ առաջին դասընթացը (լուսանկարներ)

Անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ առաջին դասընթացը (լուսանկարներ)

1106
Տարածել

Այս տարվա ամռանը Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցում եւ դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում » (DIPECHO) ծրագրի շրջանակում Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում ստեղծվեցին «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»:

Այս կենտրոնների նպատակներից մեկն էլ անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ ստեղծելը եւ անտառի կառավարման, զբոսաշրջային երթուղիների մշակման, վտանգների բացահայտման ծառայություններ մատուցելը պիտի լինի: Կենտրոններն արդեն աշխատում են տեղացի երիտասարդների հետ:

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի՝ ԱՌՆԱՊ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի ջանքերով հոկտեմբերի 24-26-ը Ստեփանավանի «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնում անցկացվում է ԱԹՍ-ների վերաբերյալ առաջին դասընթացը փրկարարների համար, որին մասնակցում են Երեւանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի փրկարարները, ՀՀ ԱԻՆ ԱԹՍ-ների մասնագիտական խմբի եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները՝ մոտ 20 հոգի:Դասընթացն անցկացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետներ Հովհաննես Եղիազարյանն ու Շոն Ռեյնոլդսը:

Երեք օրում անցկացվելու է 16 տեսական եւ գործնական դաս հետեւյալ թեմաներով. ԱԹՍ-ների տեսակները, անվտանգ շահագործումը, նախաթռիչքային ստուգումը, պարզեցված եւ ավտոմատացված թռիչքը, քարտեզագրում ԱԹՍ-ների միջոցով, ԱԹՍ-ների մարտկոցի տեխնիկական շահագործումը եւ այլն:Ստեփանավանի դասընթացի մասնակիցները կտեղեկանան արտակարգ իրավիճակներում, ճգնաժամային կառավարման ժամանակ ճիշտ ԱԹՍ ընտրելու սկզբունքներին: Կարելի է ընտրել 1, 2, 4, 6, 8 ռոտորանի, ուղղաթիռի կամ ինքնաթիռի մոդելով ԱԹՍ-ներ կախված առաջադրված խնդրից. քարտեզագրում, սննդի կամ այլ բեռի տեղափոխում, ջրհեղեղի դեպքում ջրահոսքի մի ափից մյուս ափ պարանի տեղափոխում եւ այլն:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչները մտադիր են մեր մասնագետների համար ԱԹՍ-ների թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացնել Նիդերլանդներում: Հայտն արդեն ուղարկված է: Սպասում ենք պատասխանի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ