Գլխավոր Սպիտակ-30 Առաքելությունը՝ ո՛ղջ մնալ

Առաքելությունը՝ ո՛ղջ մնալ

339
Տարածել

Դեկտեմբերի 7-ին Վարդանյանների ընտանիքը սպասում էր հոր վերադարձին։ Երկու օր առաջ էին բնակարանամուտ տոնել։ Հանկարծ դղրդյուն լսվեց․ շենքը հիմքից փլուզվեց։ Ոչ ոք ողջ չմնաց։ Միայն երկու օր անց փրկարարները փլատակներից դուրս բերեցին փոքրիկ Գրետային, երբ վերջինս լացակումած ձայնով «ջուր» էր գոչում։

Աղջկա ոտքերը  վնասվել էին, բժիշկներն անդամահատելու որոշում կայացրին։  «Դպրոցական տարիքում կարողանում էի պրոթեզով վարժ քայլել։ Ամեն ինչ անում էի, որ ինքնուրույն լինեմ, ոչ մեկից կախում չունենամ»,- անկեղծանում է Գրետան։

Ծնողների հոգատարությունն այդպես էլ չտեսավ, մնաց տատի, պապի եւ հորեղբոր խնամքին։ Այդ օրերին հովանավորներ գտնվեցին․ մինչ երեխայի չափահաս դառնալը նրանք էին հոգում ապրուստի եւ ուսման ծախսերը։ 16 տարեկանից Գրետան ինքնուրույն է գումար վաստակում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է հաղթանակներ գրանցել պարաօլիմպիկ խաղերի ծանրամարտ սպորտաձևում։ Սպորտով զբաղվելուն զուգահեռ աշխատում է նաեւ Շիրակի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում որպես կարգավար-օպերատոր։

Գրեթե երեք տասնամյակ երկրաշարժը վերապրած Գրետան իր 14-հոգանոց ընտանիքով ապրում էր 1990-ականներին կառուցված «թղթե» տնակում։ Ապրուստի ամբողջ հոգսը նրա ուսերին էր։ Միայն 2017 թ․ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության շնորհիվ մարզիկը սեփական տանիք ունեցավ։

Շուտով կլրանա 30 տարին, երբ կորցրեց ամենաթանկը՝ ծնողներին։ Հպարտությամբ կրկնում է՝ բնավորությունը հորից է ժառանգել, արտաքինը՝ մորից։ Հաճախ է դստերը՝ Օֆելյային պատմում իր տատի, պապի ու մորաքրոջ մասին, թեեւ նրանց դիմագծերն աղոտ է հիշում։ Ամեն դեկտեմբերի 7- ին միասին են խնկարկում զոհերի հիշատակը։ «Աղջիկս գիտի, հասկանում է իմ կորուստը։ Երկրաշարժի թողած ցավը չի սպիացել։ Չգիտեմ՝ որն էր իմ առաքելությունը, երբ փրկվեցի, սակայն կարողացա կամքի ուժ գտնել եւ պայքարել հանուն ապագայի»,- ասում է բազմակի մեդալակիր Գրետա Վարդանյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ