Այս տարվա ամռանը Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցում եւ դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում » (DIPECHO) ծրագրի շրջանակում Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում ստեղծվեցին «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»:
Այս կենտրոնների նպատակներից մեկն էլ անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ ստեղծելը եւ անտառի կառավարման, զբոսաշրջային երթուղիների մշակման, վտանգների բացահայտման ծառայություններ մատուցելը պիտի լինի: Կենտրոններն արդեն աշխատում են տեղացի երիտասարդների հետ:
Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի՝ ԱՌՆԱՊ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի ջանքերով հոկտեմբերի 24-26-ը Ստեփանավանի «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնում անցկացվում է ԱԹՍ-ների վերաբերյալ առաջին դասընթացը փրկարարների համար, որին մասնակցում են Երեւանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի փրկարարները, ՀՀ ԱԻՆ ԱԹՍ-ների մասնագիտական խմբի եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները՝ մոտ 20 հոգի:Դասընթացն անցկացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետներ Հովհաննես Եղիազարյանն ու Շոն Ռեյնոլդսը:
Երեք օրում անցկացվելու է 16 տեսական եւ գործնական դաս հետեւյալ թեմաներով. ԱԹՍ-ների տեսակները, անվտանգ շահագործումը, նախաթռիչքային ստուգումը, պարզեցված եւ ավտոմատացված թռիչքը, քարտեզագրում ԱԹՍ-ների միջոցով, ԱԹՍ-ների մարտկոցի տեխնիկական շահագործումը եւ այլն:Ստեփանավանի դասընթացի մասնակիցները կտեղեկանան արտակարգ իրավիճակներում, ճգնաժամային կառավարման ժամանակ ճիշտ ԱԹՍ ընտրելու սկզբունքներին: Կարելի է ընտրել 1, 2, 4, 6, 8 ռոտորանի, ուղղաթիռի կամ ինքնաթիռի մոդելով ԱԹՍ-ներ կախված առաջադրված խնդրից. քարտեզագրում, սննդի կամ այլ բեռի տեղափոխում, ջրհեղեղի դեպքում ջրահոսքի մի ափից մյուս ափ պարանի տեղափոխում եւ այլն:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչները մտադիր են մեր մասնագետների համար ԱԹՍ-ների թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացնել Նիդերլանդներում: Հայտն արդեն ուղարկված է: Սպասում ենք պատասխանի:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ