Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայաստանցի եւ արցախցի ջրասուզակները նոր որակավորում ունեն

Հայաստանցի եւ արցախցի ջրասուզակները նոր որակավորում ունեն

1228
Տարածել

Անցած տարվա նոյեմբերին Հայաստան եւ Արցախ այցելած բուլղարահայ սուզորդներ Կրիկոր Սրենցն ու Արմեն Կոջանյանը այս հոկտեմբերին կրկին Հայաստանում եւ Արցախում էին։ Մասնագետները Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի անդամ, Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանի հետ Սեւանա լճում սուզում են կատարել ազոտաթթվածնային խառնուրդով (նիտրօքս) հագեցած օդաբալոններով եւ Վահե Մելքոնյանին որակավորել նիտրօքսի արտադրման գործում։

Կրիկորի խոսքով՝ այս խառնուրդն ավելի արդյունավետ է դարձնում ստորջրյա երկարատեւ տեխնիկական աշխատանքները, քանի որ մեծ քանակությամբ թթվածնի պարունակության շնորհիվ օդաբալոնը վերալիցքավորելու անհրաժեշտություն չի առաջանում։

Նիտրօքսի օգտագործման վերաբերյալ դասընթաց է անցկացվել նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հետ։ Ջոկատի բոլոր անդամները հանձնել են հերթական քննությունը եւ ստացել ջրասուզակ-փրկարարի (Rescue Diver) որակավորում։ Բացի դրանից՝ բուլղարահայ ջրասուզակները փոխել են ջոկատի օդաճնշակի՝ կոմպրեսորի հնամաշ ֆիլտրը, նվիրել նոր գույք եւ հիպերբարիկ բժշկության վերաբերյալ մասնագիտական գրականություն։

Հաջորդ տարի նախատեսվում է տրիմիքսի՝ ազոտաթթվածնահելիումային խառնուրդի փորձարկում, որը թույլ կտա մեծ խորությունների վրա երկարատեւ սուզումներ կատարել։

Կրիկորի դիտարկմամբ՝ Հայաստանում եւ Արցախում հիպերբարիկ բժշկության ոլորտը դեռ գոհացուցիչ մակարդակ չունի: «Ջրասուզակի անվտանգության համար երկու կարեւոր գործոն կա՝ կոմպրեսորն ու բարոկամերան (ապասեղմիչ խցիկ.- հեղ․)։ Եթե պետական մակարդակով հետաքրքրություն լինի, մեր ասոցիացիան կարող է կոմպրեսոր տրամադրել։ Ինչ վերաբերում է ջրասուզակային բարոկամերային, ապա այն էապես տարբերվում է հիվանդանոցներում օգտագործվող սարքից։ Այդուհանդերձ պատահարի դեպքում այն առաջնային օգնության միակ եւ արդյունավետ միջոցն է»,- մանրամասնում է սուզորդը։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը վերհիշում է Սեւանա լճում բուլղարացի սուզորդի մահվան դեպքը, երբ բժիշկները չէին իմացել՝ ինչպես օգնել «մթնոլորտային վակումի» մեջ հայտնված տուժածին։ Այսօր Հայաստանում ջրասուզակային ապասեղմիչ խցիկ չկա։ Սեւանա լճում եւ բարձրադիր լճերում սուզվողներն առողջական խնդիրները բացառելու նպատակով դանդաղ տեմպով են դուրս գալիս ջրի մակերես, սակայն այս մեթոդն էլ լիովին չի ապահովագրում նրանց։

Հանդիպման ավարտին խոսելով Բուլղարիայում ամեն տարի անցկացվող միջազգային ջրասուզակային մրցումներից՝ Կրիկոր Սրենցը նշում է, որ հայ ջրասուզակները մրցունակ են եւ միջազգային հավաստագրի առկայության դեպքում կարող են ակտիվ մասնակցություն ցուցաբերել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ջրասուզակները