Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները տղամարդուն հանել են ջրատարից

Փրկարարները տղամարդուն հանել են ջրատարից

375
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 180 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Արարատիր մարզի Ուրցալանջ, Լուսաշող եւ Վարդաշատ համայնքների մոտակա սարե­րում՝ 600 հա, Կոտայքի մարզի Երեւան-Սեւան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում՝ 60 հա, նույն մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակա սարալանջին՝ մոտ 28 հա: Այս հրդեհի մարմանը մասնակցել են ազատ հերթափոխից 27 հրշեջ-փրկա­րար եւ անտառտնտեսության 8 աշխատակից:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 85 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջանի եւ Գեղարքունիքի ու Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 5 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ թիվ 155 դպրոցում ռումբ է տեղա­դրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգողի հեռախոսահամարով հետադարձ զանգ է կատարվել, մի երեխա պատասխա­նել է, որ իր հեռախոսից այլ երեխաներ են զանգահարել, նման դեպք չկա: Ամեն դեպքում հրշեջ-փրկարարները դպրոցից տարահանել են 400 աշակերտ, 74 մանկավարժ եւ 25 սպասարկող անձնակազմ եւ զննել տարածքը: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Դավիթաշենի փրկարարներն ուշ գիշերին ահազանգ են ստացել, որ Դավիթաշենի կամրջի ներքեւում գտնվող հետիոտ­նային անցումում նռնակ կա: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը զննությամբ պարզել է, որ նռնակը ուսումնական է եւ այն հանձնել է ոստիկանությանը: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նոր Հաճն քաղաքում ջրատարը մարդ է ընկել: Փրկարարները ջրատարից դուրս են բերել 36-ամյա տղամարդուն: Նա հոսպիտալացվել է:

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ