Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Կարեւորվում է կազմավորումների պատրաստվածությունը

Վարժանքներ․ Կարեւորվում է կազմավորումների պատրաստվածությունը

737
Տարածել

Երեւանում եւ մարզերում շարունակվում են հրշեջ-մարտավարական, օբյեկտային եւ հատուկ տակտիկական վարժանքները։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող, կենցաղային տեխնիկա ներմուծող «Յունիվերսալ Պրոջեքտ» ընկերությունում անցկացվել է «Աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Երեւանի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ն․ Հարությունյանի խոսքով՝ առեւտրի կենտրոնի տնօրինությանը նախապես տրամադրվել էր մեթոդական օգնություն։  Աշխատակիցները բավական պատրաստված էին, տարհանումը կատարվել է ժամանակին եւ կազմակերպված։ Վարժանքի սցենարի համաձայն, հրդեհ էր բռնկվել փափուկ կահույքի եւ սառնարանների հատվածին մոտակա սրահում, որը կրակմարիչներով հրդեհաշիջել է պատասխատանու անձը։ Շենքը հագեցած է միայն առաջնային հրդեհաշիջման միջոցներով, դրսում ջրավազան կա, որը չի օգտագործվում։

Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում անձնակազմի տարհանումից հետո փրկարարները կատարել են հետախուզում, հայտնաբերել այրվածք ստացած երկու տուժածի, աստիճանավանդակի եւ պատգարակի միջոցով նրանց դուրս բերել շենքից եւ ցուցաբերել առաջին օգնություն։ ԵՓՎ թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հ․ Դավթյանը նշեց, որ դպրոցում գործող կազմավորումները բավական իրազեկված են եւ հմուտ, ակտիվորեն մասնակցում են բոլոր  վարժանքներին։

Հրազդանի ջերմաէլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի մարտավարական վարժանքի թեման 220 ԿՎՏ բաց բաշխիչ սարքավորումների տարածքում կարճ միացումից առաջացած հրդեհի մարումն էր: «Այս բլոկից են կառավարվում կայանի էլեկտրական գործընթացները, եւ անջատված էներգիան փոխանցվում է  Հայաստանի կենտրոնական էներգոհամակարգ։ Ջոկատը պարբերաբար հերթապահություն է անցկացնում տարածքում՝ վթարները կանխարգելելու համար»,- ասաց ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ․Օսիպյանը։

Տրանսֆորմատորային յուղային  անջատիչների կարճ միացումից հնարավոր է տարբեր յուղերի արտահոսք, որոնք անօդ տարածության մեջ պայթյունի կարող են հանգեցնել։ Այդ պատճառով ջոկատի փրկարարներն առաջին հերթին վերահսկում են տրանսֆորմատորներին կից խոտածածկույթն ու մրգատու ծառերը, ժամանակին կատարում սանիտարական աշխատանքներ։

Այլ վտանգ կա․ բետոնապատ մալուխային թունելներն առատ տեղումներից քայքայվում են եւ դրանք պարբերաբար նորոգելու անհրաժեշտություն է առաջանում։ Վլադիմիր Օսիպյանի հաղորդմամբ՝ սերտ է  համագործակցությունը գործարանի աշխատակիցների հետ, բազմաթիվ վարժանքների շնորհիվ նրանք քաջատեղյակ են հրդեհային պաշտպանության սկզբունքներին։

Ուսումնավարժություններ են անցկացվել նաեւ Երեւանի «Ռեժինե» հյուրանոցում, Նոյեմբերյանի պետական քոլեջում, այլուր։

Մինչ հոկտեմբերի ավարտը «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման  դեպքում»  թեմայով շտաբային ուսումնավարժություններ կանցկացվեն Տավուշի մարզի Ենոքավան, Դիտավան, Ակնաղբյուր եւ Լուսահովիտ համայնքներում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները