Գլխավոր Սպիտակ-30 Սպիտակի երկրաշարժը․անցյալը՝ ներկայում

Սպիտակի երկրաշարժը․անցյալը՝ ներկայում

187
Տարածել

Յուրաքանչյուր խարույկ իր շուրջն էր համախմբել բախտակից ու սգացող մարդկանց: Գյումրին որբացել էր: Սովորական էր դարձել մարդկանց այսպիսի հարցուփորձը. «Ձեզանից քանիսը՞ չկան», «գտա՞ք որեւէ մեկին»: Անցնող օրվա հետ նվազում էր հարազատներին կենդանի գտնելու հույսի հատիկները: Խարույկներում օրնիբուն բոցկլտացող կրակն, ասես, ընդհատված կյանքի շարունակությունն էր։

Վահան Ամատունի, «Տասներեքերորդի ճակատագիրը»

Վերքը սպիացավ, հետքը մնաց

1988 թ․ դեկտեմբերի 7-ն էր։ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 55 –ամյա բնակիչ Շուշան Պաբոյանի տունն ամբողջովին փուլ եկավ։ Մայր եւ որդի մնացին փլատակների տակ, կոտրվածքներ ստացան։ Աղջիկները փրկվել էին՝ ուսուցչի օգնությամբ փախչելով դասարանի պատուհանից։ Մինչ ամուսինը շտապում էր Սպիտակ քաղաքից հասնել իր ընտանիքին, հարեւանները դուրս էին բերել տուժածներին եւ տեղափոխել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։ Փետրվարին վերադարձան գյուղ եւ 3 տարի ապրեցին վագոն-տնակում։ «Բոլոր տներում մինչեւ 2-3 զոհ կար։ Եղբայրս ու սկեսուրս մահացան։ Մի կերպ համակերպվեցինք։ Հինգ հոգով 6 մետրանոց տնակում էինք մնում։ Ջուրը չեխերն էին բերում մեքենաներով։ Տարիներ հետո էլեկտրաէներգիա ունեցանք, վառարանով էինք տաքանում։ Նոր տուն տեղափոխվելուց հետո մեր միջոցներով ջեռուցում անցկացրինք, գոմ ու հացատուն կառուցեցինք»,- պատմում է Շուշանը։

Զավակներն ուրախ մանկություն տեսան։ Հիշում է՝ ինչպես էր ընտանիքի բարեկամ, ֆրանսիահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը երեխաներին Սևանա լիճ տանում։ Մանկական վառ հիշողություններից էր դստեր լուսանկարը, որն ընդգրկվեց հեղինակի «Լռության ճիչը» գիրք-ալբոմում։ Հետագայում գրքի ամբողջ հասույթը տրամադրվեց հայ որբերին։

27 երկարուձիգ տարիների ընթացքում Շուշանն աղջիկներին կնության տվեց, ականջալուր եղավ թոռների առաջին ճիչին։ «Երեխաներս ինձ ուժ տվեցին պայքարելու։ Վերքը սպիացավ, հետքը մնաց։ Բայց ի՞նչ անենք, ապրել է պետք»,- նշում է  կինը։

Շիրակամուտում առայսօր շոշափելի են երկրաշարժի «հետքերը»․վագոն-տնակներ, որոնցում քառորդ դարից ավելին բնակվում են բազմաթիվ ընտանիքներ։

Խնկարկվող հիշողություն

Շիրակամուտ գյուղի բնակչուհի, 66-ամյա Նարիդա Պապիկյանը կարի ֆաբրիկայում էր աշխատում։ Երկրաշարժին զոհ գնացին իր դպրոցական որդին, եղբայրն ու բոլոր կոլեգաները, այդ թվում՝ ընկերուհին, որը համաձայնել էր այդ օրը փոխարինել իրեն։ Մյուս որդիներին կոտրվածքներով տեղափոխեցին Չարենցավանի եւ Երեւանի բուժկենտրոններ։  Որոշ  ժամանակ անց ընտանիքը մեկնեց արտերկիր՝ բուժումը շարունակելու։ «Չկարողացա ապրել օտար երկրում։  Տղայիս գերեզմանն այստեղ է, ո՞նց ուրիշ տեղ մնայի։  Վագոն տնակ էլ չունեինք, հարազատների տանն ապրեցինք։ Հող մշակեցինք, կով պահեցինք։ Տղաներս ռուսների կնության առան․ հարսներս Հայաստան չեն գալիս։ Մնացինք ես, ամուսինս ու հարեւաններս»,- անկեղծանում է կինը։

Նարիդայի խոսքով՝ ամբողջ գյուղը դեկտեմբերի 7-ի առավոտյան գլխիկոր ուղեւորվում է դեպի գերեզմանատուն, որտեղ խնկարկում է զոհերի հիշատակի համար։

Կյանք՝ կյանքի դիմաց

«Չհասկացա՝ ինչ էր կատարվում։ Թվաց, թե շենքն է քանդվում։ Աչքերիս առջեւ որդիս եկավ, որն այդ պահին մանկապարտեզում էր։ Հետո զգացի,  որ աղջիկս բռնել է ոտքս։ Նրան, հետո՝ մյուս 15 երեխաներին դուրս շպրտեցի պատուհանից։ Շրջվեցի, տեսա՝ դասարանի պատը փլվել է։ Կողքին մի երեխա էր շիվարած կանգնել՝ պայուսակը ձեռքին։ Երեխայի հետ քանդված պատի վրայով դուրս եկանք շենքից», -պատմում է Սպիտակի թիվ 7 միջնակարգ դպրոցի նախկին դասվար  Սուսաննա Գրիշկյանը։

Այդ օրը շենքի երրորդ հարկն ամբողջովին փլվեց, զոհեր եղան։ Մայրը շտապում էր մանկապարտեզ։ Հինգհարկանի շենքը գետնի տակ էր անցել։ Մանկահասակ որդուն գտան ապրիլին, երբ ցուցակներից պարզ դարձավ, որ երեխան թաղված է Ալավերդիում։ Քանդեցին գերեզմանը, մայրը ճանաչեց որդու կոշիկն ու գուլպան։

«Հոգեպես չէի հանգստանում, որ երկու երեխայի ճաշ եմ եփում, երկու հոգու շոր լվանում, երկու երեխայի լողացնում։ Մինչեւ երրորդը չունենայի, չէի հանգստանա։ Ռիսկի դիմեցի։  Փոքր աղջիկս այսօր ապրում է մյուսի փոխարեն։ Մի օր ասաց՝ մա՛մ, գնանք ապերի մոտ, որ իմանա՝ իր քույրիկն եմ։ Պատկերացնում եմ՝ որքան կուրախանա»,- արտասվելով վերհիշում է մայրը։

Հույսը երեխաներն են եղել։ Երեք զավակներին ամուսնացրել է, թոռներ ունեցել։ Այսօր էլ, հավատը սրտում, շարունակում է ապրել նույն վթարային տանը, որի պատերը  27 տարի շարունակ ճաք են տվել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ