Գլխավոր Միջոցառումներ Ամբողջացվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկը»

Ամբողջացվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկը»

736
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ջանքերով եւ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության հովանավորությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվում են առաջին հոգեբանական աջակցության ազգային կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, մշակվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ» եւ առաջին հոգեբանական աջակցության տրամադրման կազմակերպման ընթացակարգը: Փորձը ցույց է տալիս, որ խոշորամասշտաբ արտակարգ իրավիճակներում մշտապես զգացվում է առաջին հոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների պակաս: Այս ձեռնարկը կդառնա այդ պակասը լրացնելու միջոց եւ կկանոնակարգեն ոլորտը:

«Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկը» եւ առաջին հոգեբանական աջակցության տրամադրման կազմակերպման ընթացակարգը մշակող աշխատանքային խմբում ներգրավված են մասնագետներ ոչ միայն ԱՌՆԱՊ հիմնադրամից եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից, այլ նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնից, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

Աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են շահագրգիռ կառույցներից ստացված առաջարկները՝ ձեռնարկը վերջնական տեսքի բերելու համար: Ըստ այդ առաջարկների որոշ փոփոխություններ են արվել եւ արվելու: Փոփոխված-լրամշակված նախագիծը կրկին տրամադրվելու է շահագրգիռ կառույցներին՝ վերջնական տեսքի բերելու համար:

«Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկը» դառնալու է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի երաշխավորած գրականություն, որը նախատեսվում է օգտագործել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես ուսումնական նյութ: Նույն ձեռնարկով կիրականացվի փրկարար ծառայության մարզային կառույցներում առաջին հոգեբանական աջակցություն տրամադրող փրկարարների վերապատրաստումը:

Վահան ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի