Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ճապոնական հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի 2019-ի փետրվարին

Ճապոնական հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի 2019-ի փետրվարին

4992
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Ճապոնիայի կառավարությունը՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 2019 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա, որոնք կտրամադրվեն մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին: Սա Ճապոնիայի օգնությամբ հրշեջ գույքի համալրման հերթական ծրագիրն է:

Ծրագիրը սկսվել է 2010 թվականին՝ Երեւանից, երբ ստացանք 28 միավոր ճապոնական արտադրության ISUZU հրշեջ մեքենա: Քանի որ Երեւանում հրշեջ գույքի բարելավման ծրագրի պատասխանատուներից մեկը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Պավել Գյոզալյանն էր, նա էլ շարունակեց աշխատել ճապոնացիների հետ, թեեւ նշանակվել էր հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմից տնօրեն:

Մեզ հետ զրույցում Պավել Գյոզալյանը ասաց, որ հրշեջ գույքի բարելավման ծրագրի երկրորդ՝ մարզային փուլի առաջարկը ճապոնացիներին ներկայացվել է 2016 թվականին: JICA-ից փորձագետներ են եկել ուսումնասիրելու առաջարկի հավաստիությունն ու հիմնավորվածությունը՝ հրշեջ-փրկարարական ջոկատներում առկա գույքի վիճակը, ստացվող ահազանգերի քանակը եւ այլն: Ճապոնացիները եղել են մարզերում ու որոշվել է հրշեջ գույքի բարելավման ծրագիրն իրականացնել Սյունիքում, Լոռիում, Շիրակում: Հետո մեր մասնագետներն են եղել Ճապոնիայում, հավաքվող մեքենաներին ներկայացվող տեխնիկական պահաջներին՝ մեքենայի անձնակազմի խցիկ, սանդուղքների թույլատրելի ճոճք, հրշեջ-փրկարարական գործիքների որակ եւ այլն, հետեւելու համար: Մեր մասնագետների այս ծրագրով վերջին այցը Ճապոնիա այս տարվա օգոստոսին է եղել: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: 2019 թվականին երեք փուլով ստանալու ենք 40 մեքենա. 1 շարժական արհեստանոց, 3 ավտոսանդուղք, 36 հրշեջ մեքենա: Փետրվարին կստանանք 18 մեքենա, օգոստոսին՝ 14 մեքենա, դեկտեմբերին՝ 8 մեքենա: Կթարմացվի նշված մարզերի հրշեջ-փրկարարական 18 ստորաբաժանման գույք:

Առաջին փուլով ստացվող մեքենաների Հայաստան ժամանելուն պես կսկսվեն փրկարարների վերապատրաստման դասընթացները՝ ճապոնացի խորհրդատուների ներգրավմամբ, նոր միայն մեքենաները կհանձնվեն շահագործման: Իսկ երկրորդ եւ երրորդ փուլերի մեքենաները միանգամից կշահագործվեն վերապատրաստված փրկարարական ջոկատներում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ