Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները տանիքից իջեցրել են տղային

Հրշեջ-փրկարարները տանիքից իջեցրել են տղային

674
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 170 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Արագածոտնի մարզ Դավիթաշեն գյուղ՝ 10 հա, Սորիկ գյուղի դաշտեր՝ 150 հա, Արարատի մարզ Լուսաշող գյուղ՝ 8 հա, Կոտայքի մարզ Կոտայք-Կապուտան ավտոճա­նա­պարհի մատույցներ՝ 10 հա, Կարենիս գյուղի մոտակայքում՝ 19,5 հա: Այս հրդեհի մարմանը մասնակցել են «Հրազդանի անտառտնտեսության» 15 աշխատակից եւ ազատ հերթափոխից 12 հրշեջ-փրկարար: Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ, Լոռի Մեծ Պարնի գյուղում՝ 6 հա: Այս հրդեհի մարմանը մասնակցել է ազատ հերթափոխից 12 հրշեջ-փրկարար:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի եւ Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 5 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարները կես ժամ տարբերությամբ ահազանգեր են ստացել, որ ռումբ է տեղադրված Ազգային ժողովի տարածքում եւ Երեւանի քաղաքապետարանում: Փրկարարները տարածքներում ռումբ չեն հայտնաբերել: Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում գտնվող նախկին չշահագործվող հիվանդանոցի տանիքում երեխա կա, չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները տանիքից իջեցրել են 11-ամյա տղային: