Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

634
Տարածել

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Արցախի Մարտակերտ քաղաքի մատույցներում:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին եւ 30-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր է գրանցվել Թուրքիայում՝ Վան եւ Պատնոս քաղաքների մատույցներում: Հոկտեմբերի 1-ին 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում եւ Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում: Մնացած երեք երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ հոկտեմբերին՝ Զաքաթալա եւ Գյանջա քաղաքների մատույցներում:
Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Սեպտեմբերի 28-ին 6,1 եւ 7,4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի կղզու Պալու քաղաքի մատույցներում: Երկրաշարժերին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 20 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով առաջացած ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 5-7 մետրի: Պալու քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է: Երկրաշարժերի եւ ցունամիի հետեւանքով զոհվել է առնվազն 1407,  տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 2500 եւ տուժել 1,4 միլիոն մարդ: Ավերվել են տներ, ճանապարհներ, կամուրջներ, ընդհատվել են էլեկտրամատակարարումը եւ ջրամատակարարումը: Երկրաշարժերի հետեւանքով արթնացել է Սուլավեսի կղզու Սոպուտան հրաբուխը: Ժայթքող մոխրի սյան բարձրությունը հասել է 7 կիլոմետրի: Սեպտեմբերի 30-ին Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Հոկտեմբերի 1-ին եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում 6 մագնիտուդով` Սումբա կղզու Վայնգապու քաղաքից 88 կմ դեպի հարավ, որին հետեւել է 5,9 եւ 5,6 մագնիտուդով երկու հետցնցում:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ