Գլխավոր Վերլուծություն Հայաստանում կստեղծվի աղետների կորուստների շտեմարան

Հայաստանում կստեղծվի աղետների կորուստների շտեմարան

445
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 17-21-ը Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունների մշակման եւ աղետների կորուստների տեղեկատվական բազա՝ շտեմարան ստեղծելու թեմայով միջազգային աշխատաժողով, որին մասնակցել են նաեւ Հայաստանի պատվիրակները՝ միջազգային կազմակերպություններում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արմինե Հայրապետյան եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյան: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի (UNDP) աջակցության շնորհիվ:

Արմինե Հայրապետյանի խոսքով, միջազգային հավաքի նպատակն էր համախմբել գործընկեր պետություններին, աշխատել առցանց համակարգերում, աղետների կորուստների շտեմարան ձեւավորել: Նման շտեմարաններ կան տարբեր երկրներում եւ տարբեր ձեւաչափերով, խնդիր է դրվել ունենալ մեկ միասնական ձեւաչափով շտեմարան: Սա պիտի լրացնի Սենդայի ծրագրի մոնիթորինգի համակարգին:

Նման շտեմարան ստեղծելը մեկ հոգու, մեկ գերատեսչության խնդիր չէ, պետք է համախմբված աշխատեն բոլոր գերատեսչությունները: Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունը խոստացել է անհրաժեշտության դեպքում ապահովել այս կամ այն երկրում համակարգի ներդրմանը միջազգային փորձագետներ գործուն մասնակցությունը: Արմինե Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախ ԱԻ նախարարությունում, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, կմշակվեն աղետների կորուստների շտեմարանի միասնական չափորոշիչները: Այսօր նման տվյալներ ունեն շատ գերատեսչություններ՝ գյուղնախարարություն, քաղշիննախարարություն, վիճծառայություն եւ այլն: Բոլոր տվյալների համադրմամբ էլ կձեւավորի միասնական շտեմարան: Բոլոր գերատեսչությունները իրենց ձեռքի տակ եղած տվյալները կներմուծեն առցանց շտեմարան, ԱԻՆ-ը կհամակարգի աշխատանքները: Երկրներն իրենք են որոշում աղետների ու վտանգների առաջնահերթություններն ու շտեմարանը օգտագործելու ձեւերը: Վիճակագրական տվյալները պարզապես հավաքելը այսօր արդեն ժամանակավրեպ է, իսկ աղետների կորուստների միասնական շտեմարանը երկրի զարգացումը ճիշտ ճանապարհով տանելու, տնտեսության զարգացման կայունությունը ապահովող գործիք է:

Արմինե Հայրապետյանը տեղեկացրեց, որ արդեն հոկտեմբերի երկրորդ շաբաթում կսկսվեն աղետների կորուստների շտեմարանի ձեւավորման վերաբերյալ դասընթացները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ