Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կոռնիձորում հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

Կոռնիձորում հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

446
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 170 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Կոտայք մարզի Բջնի համայնք՝ 20 հա եւ 10 հա, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 30 աշխատակից, Բջնի եւ Սոլակ գյուղերի 18 բնակիչ: Նույն մարզի Նուռնուս գյուղ տանող ճանապարհին՝ 15 հա, Գեղադիր գյուղի դաշտերում 100 հա, Ակունք գյուղում՝ 80 հա, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում՝ 18 հա, Բարձրաշեն գյուղի մոտա­կայքում՝ 180 հա: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում՝ 20 հա, Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում՝ 18 հա, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ 7 հա, Վայոց ձոր մարզի Գոմք գյուղում՝ 6 հա, Արագածոտն մարզի Կարբի գյուղի ամառանոցներում՝ 5 հա, Արարատի մարզի Լուսաշող գյուղում՝ 14 հա եւ այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջանների փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 10 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կոռնիձոր համայնքի հարակից աղբավայրում զենք եւ զինամթերք կա: Փրկարարները, ՀՀ զինված ուժերի սակրավորներն ու «Ականազերծման հումանիտար կենտրոնի» մասնագետները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի կոռոզիայի ենթարկված 2 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 39 փամփուշտ, կասետային ավիառումբի մոտ 10 սմ տրա­մա­գծով բեկոր եւ այլ զինամթերք: Ողջը տեղափոխվել է անվտանգ տարածք կամ փոր­ձա­քննության: