Գլխավոր Վերլուծություն Լեռնային տարածքներում հրդեհաշիջման վտանգները

Լեռնային տարածքներում հրդեհաշիջման վտանգները

601
Տարածել

Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել են մեծաքանակ հրդեհներ։ Միայն Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը մոտ 229 հեկտար չոր խոտածածկ է հրդեհաշիջել։ Մասնավորապես՝ Ուրցաձոր համայնքի Լանջանիստ եւ Շաղափ բնակավայրերում սեպտեմբերի 7-ին եւ 15-ին այրվել է մոտ 145 հա խոտածածկ, ջերմահարվել 50 ծառ։ Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանի խոսքով՝ այս տարածքներում խոտն այնպիսի բարձրություն ունի, որ կրակն ընդհուպ ճանապարհին է հասնում։ Բացի դրանից՝ անասնապահությամբ զբաղվող Ուրցաձորում ամեն պահի ոչխարի հոտը կարող է կտրել ճանապարհը՝ խոչընդոտելով օպերատիվ աշխատանքին։

Ծովի մակերեւույթից մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող Կարաթորփաղ գյուղատեղիում, որը Խոսրովի արգելոցից 12-13 կմ հեռավորության վրա է, տարեկան 7 հրդեհ է գրանցվում։ Այս տարվա սեպտեմբերի կեսին այրվել էր մոտ 60 հա խոտածածկ։ Հերթափոխից ազատ բոլոր փրկարարները դեպքի վայրում են եղել՝ դեպի անտառ կրակի մուտքը կանխելու համար։

Լուսաշող համայնքում երկու հրդեհ է մարվել՝ մոտ 40 հեկտար ընդհանուր մակերեսով։ Գյուղ տանող ամբողջ ճանապարհը զառիվեր է եւ դժվարամատչելի ծանր տեխնիկայի համար, այդ պատճառով հրշեջ-մեքենաները ստիպված դատարկում են ամբողջ ջրի բաքը։

«Լեռնային տարածքներում հրդեհաշիջումը ծանր է, միայն առաջնաքարշակ մեքենան կարող է բարձրանալ։ Հրշեջն իր գույքն ու անհատական պաշտպանության միջոցները ոտքով դեպքի վայր է հասցնում, արդյունքում՝ հոգնում։ Մութն ընկնելուն պես վայրի գազանների հարձակման վտանգ է առաջանում»,- ասում է հրամանատարը՝ մատնանշելով որոշ համայնքների բնակիչների դրսեւորած անտարբերությունն իրենց անտառի նկատմամբ, այն դեպքում, երբ միասնական ուժով հնարավոր է վնասը կրճատել։

Օգոստոսի վերջին Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջին տեղակայված Սուրբ Կարապետ վանքի մատույցներում բռնկված հրդեհը մոտ 200 հա տարածքի վրա էր տարածվել ու  սպառնում էր հասնել մասնավոր սեփականություն անտառապատ տարածքին: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են նաեւ Արարատի մարզային փրկարարական վարչության եւ Արտաշատի ջոկատի ամենագնաց մեքենաները: Պարույր Սահակյանի խոսքով՝ եթե փրկարարները կրակը ժամանակին չմարեին, կրկնվելու էր Խոսրովի արգելոցի հրդեհի սցենարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները