Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Ուսուցիչները կարեւորում են անվտանգությունը

Վարժանքներ․ Ուսուցիչները կարեւորում են անվտանգությունը

614
Տարածել

Մարզային փրկարարական ստորաբաժանումներն ամփոփեցին սեպտեմբերը։ Նախորդ շաբաթ հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով վարժանքներ անցկացվեցին մի շարք ուսումնական հաստատություններում։

Արարատի մարզի Դարբնիկ գյուղի միջնակարգ դպրոցում ծավալված հրդեհի մարման աշխատանքներին իր գույքով մասնակցել էր նաեւ դպրոցի հրշեջ-կազմավորումը։ Հրշեջ-փրկարարները ցուցադրել են սանդուղքից օգտվելու, փողրակ բացազատելու գործընթացը։ Շենքը հին է, գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Բագրատ Դանիելյանի խոսքով՝ թերություններն աննշան էին, փոքր-ինչ հապաղել էր հաշվառման վերաբերյալ զեկուցումը։ Վարժանքի ավարտին երեխաները շփվել են փրկարարների հետ՝ նաեւ լուսանկարվել։

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը վարժանք է անցկացրել Ուրցաձոր գյուղի միջնակարգ դպրոցում։ ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը հաճելիորեն զարմացել է, որ ուսուցիչները սկսել են ավելի կարեւորել անվտանգության հարցերը, աշակերտներին պարբերաբար ուսուցանել արտակարգ իրավիճակներում պաշտպանության մասին։

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում տարհանման վարժանքի ժամանակ որոշ թերություններ էին նկատվել, մասնավորապես՝ կազմակերպվածության առումով։ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Տիգրան Թորոսյանը զրուցել է տնօրենի եւ զինղեկի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նման միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել։

Սիսիանի թիվ 2 նախակրթարանում տարհանման վարժանք առաջին անգամ էր անցկացվում։ Նախապատրաստական փուլում բացատրական աշխատանք է տարվել անձնակազմի հետ, ուսումնասիրվել են հաշվառման համար հարմար տարածքները։ «Երեխաները բոլորից ավելի օգնության եւ աջակցության կարիք ունեն, ուսուցիչը պարտավոր է անթերի իմանալ արտակարգ իրավիճակներում իր անելիքը։ Սցենարի համաձայն՝ հրդեհը բռնկվել էր խոհանոցում, որն անմիջապես շենքի գլխավոր մուտքի դիմաց է։ Նախակրթարանի երեք լրացուցիչ ելքերը փակ էին, բոլոր երեխաները հիմնական ելքից դուրս եկան։ Սա մեծ խնդիր է, քանի որ իրական հրդեհի դեպքում բոցն ու կրակը խոչընդոտելու էին տեղաշարժին եւ հանգեցնելու վատ հետեւանքի»,- մանրամասնեց Սիսիանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Համլետ Պողոսյանը՝ հավելելով, որ նախակրթարանի տնտեսվարը խստիվ զգուշացվել է տարհանման ելքերը բաց պահելու անհրաժեշտության մասին։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Քաջարանի Արհեստագործական պետական ուսումնարանում, Չարենցավանի «Դրայվ 2014» գազալցակայանում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները