Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներն ամրապնդում են տեսական գիտելիքն ու օգնում հաղթահարել խուճապը (լուսանկարներ)

Վարժանքներն ամրապնդում են տեսական գիտելիքն ու օգնում հաղթահարել խուճապը (լուսանկարներ)

1036
Տարածել

Սեպտեմբերի 27-ին Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Մասնակցում էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ։

Ըստ սցենարի՝ հրդեհի տագնապը լսելուն պես դպրոցականներն ու ուսուցչական անձնակազմը տարհանվում են, կատարվում է հաշվառում։ Պարզվում է, որ շենքում են մնացել այրվածք ստացած երկու աշակերտ, եւս մեկը թեւի փակ կոտրվածք ունի։ Վերջինիս փրկարարները պարանների օգնությամբ իջեցնում են անվտանգ վայր։ 4 աշակերտ խուճապահար են, անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն։ Բոլոր տուժածները ստանում են համապատասխան օգնություն եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվում բուժկենտրոն։ «Տարածաշրջանի մյուս կրթական հաստատությունների նման 8-րդ դպրոցը խորհրդային տարիներից է գործում, ի հայտ են եկել սեյսմիկ խնդիրներ, որոնց մասին տեղեկացրել ենք պատկան մարմիններին։ Դպրոցի որոշ դռներ չեն օգտագործվում, աստիճավանդակները տեղ-տեղ վտանգավոր են։ Տնօրինությունը խոստացել է շուտափույթ հարցը լուծել», — ասաց Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը։

7-րդ դասարանցի Արթուր Բաբալյանն ու Սարգիս Հարությունյանը նախկին վարժանքներից մի դաս են քաղել՝ երբեք խուճապի չմատնվել։ Արտակարգ իրավիճակների մասին տեսական գիտելիքներ ունեն, իսկ անվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը տղաները ծնողների հետ են քննարկում։

Նառա Սահակյանի երեք զավակներն այս դպրոցի սաներ են։ Մասնագիտությամբ բուժքույր մայրը երեխաների անվտանգությունն առաջնահերթ է համարում, սովորեցնում ամեն մանրուք։ Երեքն էլ շարժուն են, փորձանքն՝ ամեն քայլափոխի։ Կնոջ խոսքով՝ Աբովյանում երթեւեկությունը աշխույժ է, որոշ փողոցների որոշ հատվածներում չկան հետիոտնի անցումներ։ Այդ պատճառով երեխաների արտադպրոցական պարապմունքների համար բնակության վայրին մոտ հաստատություններն է ընտրել։ Երեխաները զգուշավորությամբ իրեն են «քաշել», իսկ մտածողության ձեւավորման հարցում շատ է օգնել նախակրթականի ծրագիրը։

9 դասարանցի Սիրանուշ Հարությունյանն ու Մարինե Արշակյանը դպրոցի բուժկազմավորման անդամներ են, ապագա բժիշկներ։ «Ռազմագիտություն» եւ «Կենսաբանություն» առարկաների շրջանակում առաջին օգնության դասերը բավարար չէին, որոշեցին խորացնել գիտելիքը։ «Երկար դասամիջոցին բուժկետում ենք լինում, ամեն օր նոր դաս սովորում։ Խմբում 6 աղջիկ ենք։ Պրակտիկ ունակությունները զարգացնելու համար ներգրավում ենք ցածր դասարանցիներին, վիրակապ դնում, ֆիքսում վերջույթը, լվանում վերքը։ Ամսվա վերջում բուժքույրը հարցաշարով ստուգում է մեր գիտելիքները»,- ամփոփեց Մարինեն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ