Գլխավոր Ուսուցողական նյութեր Վախ կրակից. Ինչպես հաղթահարել

Վախ կրակից. Ինչպես հաղթահարել

990
Տարածել

Ցանկացած մարդ ունի վախեր՝ ֆոբիաներ։ Այսօր հարյուրավոր դեղամիջոցներ եւ թերապեւտիկ մեթոդներ կան դրանք հաղթահարելու համար։

Թերեւս բժշկության մեջ ամենից չուսումնասիրված հիվանդություններից մեկը պիրոֆոբիան է՝ վախը կրակից։ Պատերազմական գործողություններից, տեխնածին վթարներից, բնական աղետներից տուժածները կամ խոշոր հրդեհի ականատեսները երբեմն անկառավարելի վարք են դրսեւորում, ընդհուպ՝ մինչեւ հոգեկան շեղումներ։

Հակահրդեհային անվտանգության կանոններին խստիվ հետեւելը դեռ պիրոֆոբիա չէ։ Երբ ի հայտ են հաճախակի տագնապ, անքնություն, կրակից այրվածքներ ստանալու մասին կպչուն մտքեր, սեփական անձի նկատմամբ անվստահություն (մի քանի անգամ էլեկտրական սարքավորումներն ու գազօջախը ստուգելը), ապա միանշանակ անհանգստության կարիք կա։ Պիրոֆոբը վախենում է հրդեհից, այրվող շենքերից, հրշեջ-մեքենաներից, մտքում «տեսնում է» ծանր այրվածք ստացած զոհեր։ Այս ամենը հանգեցնում է կողմնակի վախերի առաջացման՝ աէրոֆոբիա (վախ օդանավի վթարից), կլաուստրոֆոբիա (վախ հրդեհի դեպքում փակ տարածքից դուրս գալու անհնարինությունից), սեյսմոֆոբիա (վախ երկրաշարժից) եւ այլն։

Հոգեբանների կարծիքով՝ պիրոֆոբիան հիմնականում մանկական հասակում ստացած վնասվածքի, այրվածքի, ուժեղ ցավի հետեւանք է։ Նման մարդուն կարող է հունից հանել վերքից մնացած սպին, անգամ՝ լուցկու կայծը։

Առողջապահական ոլորտի մասնագետները պնդում են՝ լրատվամիջոցներում արտակարգ իրավիճակների մասին հաղորդումները, վավերագրական ֆիլմերը, հրդեհի տեսարաններն անմիջականորեն ազդում են մարդկանց գիտակցության վրա։ Պիրոֆոբների համար կարեւոր է ոչ այնքան հրդեհի պատճառը, որքան բուն հրդեհի փաստը։

Հիվանդության ախտանշաններից են հրդեհի տեսարանից մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, սրտի զարկերի հաճախացումը, որովայնում կծկումները, հիսթերիան, լացը, խոսքի եւ տեղաշարժման սահմանափակումը։

Պիրոֆոբներին բժիշկներն առաջարկում են հաճախել կրկես, մասնակցել հրավառության շոուի` համոզվելու, որ կրակը վերահսկելի է։ Այս տարբերակը, սակայն, կարճաժամկետ դրական ազդեցություն է թողնում։ Առավել արդյունավետ է կոգնիտիվ-վարքագծային թերապիան, որն ուղղված է մտածելակերպի փոփոխությանը՝ վատը լավի վերափոխելու միջոցով։ Աստիճանաբար անձը սովորում է ճիշտ գնահատել իրավիճակը, իր առջեւ դնել նպատակներ, լինել ավելի համարձակ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ