Գլխավոր Վերլուծություն Հակահրդեհային միջոցառումները հին ժամանակներում

Հակահրդեհային միջոցառումները հին ժամանակներում

756
Տարածել

Առաջին հրդեհը, որի մասին հիշատակվում է տարբեր աղբյուրներում, այդ թվում՝ Աստվածաշնչում, տեղի է ունեցել Ք.Ա. 1400 թվականին: Մարդկանց մեղքերի համար Աստված ծծբով եւ կրակով վերացրեց այս քաղաքները երկրի երեսից, գրված է հին ձեռագրերում:

Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ խոշոր հրդեհից քաղաքներ են ոչնչացել։ Հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հասկանում էին դեռ հին ժամանակներում։

Հռոմեացի Պլինիյ Կրտսերը, որն ապրել է առաջին դարում, Տրայանոս կայսերը խորհուրդ էր տալիս կրակի դեմ պայքարի մեքենաներ ստեղծել, բնակիչներին ուսուցանել եւ ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներին:

Հռոմեական կայսրության արեւելյան մայրաքաղաք Նիկոմեդիան 358 թվականին մեծապես տուժել էր երկրաշարժից եւ հրդեհից: Իսկ Պլինիյը հոգեւոր հովիվ էր հենց այս քաղաքում:

Օգոստոս կայսեր ղեկավարման տարիներին այնքան հաճախ էին հրդեհներ լինում, որ  սահմանվեց շուրջօրյա հերթապահություն: Այդ տարիներին մեծահարուստները հատուկ ծառաներ էին պահում, որոնց գործառույթը հրդեհի մասին իրազեկելն ու ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելն էր:

Անգլիայի  առաջին թագավոր Ալֆրեդ Մեծը (849-901 թթ.) Օքսֆորդ քաղաքում կիրառեց  պարետային ժամին հնչող զանգի հետ տան օջախները ծածկելու գաղափարը: Այդ նպատակով օգտագործվում էր երկաթից ու պղնձից պատրաստված գործիք, որն արտաքինից անտակ թավա էր հիշեցնում եւ կանխում էր կայծի տարածումը: Այս սովորույթը մինչ օրս պահպանվել է անգլիական որոշ համայքներում։

Միջնադարյան իմաստունները հրդեհաշիջման լավագույն միջոցը համարում էին եկեղեցական զանգերը, իսկ խորանի ծածկոցներն ու սրբապատկերները, նրանց կարծիքով, գերբնական ուժ ունեին եւ օգնում են հրդեհաշիջմանը:

1189 թվականին Ռիչարդ Առաջինը Լոնդոնում հրդեհների վտանգը նվազեցնելու նպատակով մի շարք օրենքներ ընդունեց։ Մասնավորապես՝ Լոնդոնից դուրս մեծ առանձնատներում ապրողները տանը պետք է առնվազն երկու սանդուղք ունենային։ Ամռանը բակերում տեղադրվում էին ջրով լի մեծ տակառներ։ Ամեն երեկո 10 ազնվական եւ 10 պահակ հերթապահություն էր իրականացնում քաղաքով մեկ: Պարետային ժամից հետո փողոցներում շրջող քաղաքացիները ձերբակալվում էին։

1472  թվականին Էքսետեր քաղաքում գործում էին շրջիկ ազդարարներ, որոնք թակում էին դռներն ու ու մարդկանց զգուշացնում, որ ուշադիր լինեն իրենց տան կրակի, մոմի նկատմամբ, հարգեն հրդեհի զոհերի հիշատակը: Կանխամտածված հրդեհի հեղինակին մահապատժի էին ենթարկում: Մեղավորները պարտավոր էին փոխհատուցել ողջ վնասը: Փոխհատուցումից հետո նրանց հագցնում էին խեժով թաթախված թղթե վերնաշապիկ եւ իջնեցնում կրակի մեջ:

Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ավելի խիստ միջոցների կողմնակից էր: Ցանկացած ոք, ով կանխամտածված այրում էր բնակելի տուն, ածուխով բեռնված կառք, փայտի պահեստներ եւ այլն, անմիջապես գլխատվում էր:

Սակայն այս կանխարգելիչ միջոցառումները բավարար չէին: Ապացույցը 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհն էր, որի պատճառով  80 հազար տուն այրվեց, զոհվեց 6 մարդ:

Դրանից հետո ընդունվեցին մի շարք ակտեր, որոնց համաձայն՝ Լոնդոնի չորս շրջաններից յուրաքանչյուրը պետք է ապահովված լինի 800 կաշվե դույլով,  տարբեր չափերի  50 սանդուղքով, 2 մեխանիկական, շարժական պոմպով, 240 կացնով եւ 40 բահով: Համայնքի ղեկավարները պետք է հոգային հրդեհաշիջման նպատակով գետերից խողովակաշարի անցկացումը: Մահապատիժը փոխարինվեց խոշոր չափի տուգանքներով: Բնակիչներին գործընթացին ներգրավվելու համար որոշվեց պարգեւատրել անհրաժեշտ հակահրդեային պարագաներով դեպքի վայր ժամանած առաջին երեք անձանց:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ